Փաշինյանն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանն իր ելույթի ժամանակ նշել է, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

«Եվ ուրեմն իմ կոչն ու աղերսն է՝ եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի այս ասածներից հետո տրամաբանական հարցեր են առաջանում...

Եթե թավշյա հեղափոխությունից հետո առ այսօր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ստվերվում է, և հայտարարվում է, որ Արցախն առանձին սուբյեկտ չէ, այլ Հայաստան է, և վերջ, ապա ինչպե՞ս է այդ հեղափոխությունը բերելու Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման։

Կամ ինչպե՞ս է վարչապետը կոչ անում նպատակից չշեղվել, երբ ինքն անձամբ իր էներգիան ու ուժն այդ նպատակին չծառայեցնելով վաղուց է այդ ուղուց, այդ ճանապարհից շեղվել։

Ցավալին այն է, որ այսքան ժամանակ մեր վարչապետը չհասկացավ Արցախի հարցում հաջողություն գրանցելու համար քայլերի հաջորդականության ճիշտ դասավորվածությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել