Ցավալին այն է, որ մեր վարչապետը այդպես էլ չհասկացավ Արցախի հարցում հաջողություն գրանցելու քայլերի ճիշտ հաջորդականությունը


11:53 , 22 մայիս, 2020

Փաշինյանն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանն իր ելույթի ժամանակ նշել է, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:

«Եվ ուրեմն իմ կոչն ու աղերսն է՝ եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի այս ասածներից հետո տրամաբանական հարցեր են առաջանում...

Եթե թավշյա հեղափոխությունից հետո առ այսօր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ստվերվում է, և հայտարարվում է, որ Արցախն առանձին սուբյեկտ չէ, այլ Հայաստան է, և վերջ, ապա ինչպե՞ս է այդ հեղափոխությունը բերելու Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման։

Կամ ինչպե՞ս է վարչապետը կոչ անում նպատակից չշեղվել, երբ ինքն անձամբ իր էներգիան ու ուժն այդ նպատակին չծառայեցնելով վաղուց է այդ ուղուց, այդ ճանապարհից շեղվել։

Ցավալին այն է, որ այսքան ժամանակ մեր վարչապետը չհասկացավ Արցախի հարցում հաջողություն գրանցելու համար քայլերի հաջորդականության ճիշտ դասավորվածությունը։