Երկու շաբաթ առաջ, երբ Կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի այն մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգիենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։

Անցած երկու շաբաթների ընթացքում պարզ դարձավ, որ դա բավարար չի արվել, և Հայաստանում վարակի տարածումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարարեց, որ մայիսի 22-ից արդեն նախատեսվում է թեթև ախտանիշներով հիվանդներին չհոսպիտալացնել, քանի որ, փաստացի, Հայաստանը մոտեցել է հիվանդանոցային մահճակալների իր սահմանին, և այն օգտագործվելու է միայն համեմատաբար ծանր հիվանդների համար։

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է զարգանալ համավարակի տարածումը Հայաստանում, բավական է նայել ստորև բերված թվերին։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ գործում էր կարանտինը, Հայաստանում և Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը մոտավորապես հավասար էր։ Վերջին մեկ ամսում, սակայն, Հայաստանում այն քառապատկվել է այն դեպքում, երբ Ադրբեջանում աճել է 2,5 անգամ։ Համենայն դեպս, բերված են նաև Վրաստանի թվերը՝ որպես հիշեցում, թե վարակի դեմ համակարգված պայքարն ինչ արդյունքներ կարող է տալ։ Նկատի ունենալով նաև, որ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է մեզ մոտ 3 անգամ, մեկ շնչի հաշվով մենք հիմա 5 անգամ ավելի շատ վարակակիր ունենք, քան Ադրբեջանում, և 10 անգամ ավելի շատ, քան Վրաստանում։ Այս թվերը արդեն փաստում են, որ առնվազն անցած ամիսների ընթացքում, վարակի տարածման դեմ պայքարը Հայաստանում կառավարությունը փաստացի ձախողել է։

Սակայն սա դեռ ամենավատը չէ, քանի որ մինչ այժմ վարակակիրների թիվը տեղավորվել է առողջապահական համակարգի կարողությունների մեջ։ Սակայն եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, և երկու շաբաթը մեկ կրկնապատկվել (ինչպես մինչ այժմ), հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան այսօր ունեն Իտալիան կամ Իսպանիան։ Պետք չէ գիտնական լինել հասկանալու համար, որ սա կարող է բերել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսի, այլև երկրի կոլապսի ընդհանրապես, քանի որ այն պայմաններում, երբ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակված լինի, օրական տասնյակ և հարյուրավոր մահեր տեղի ունենան, երկրում ամեն ինչ կանգ կառնի։

Այսօր մենք գտնվում են դեռևս այն կետում, երբ դա կարելի է կանխել, բայց դրա համար համավարակի օրական տարածումը մոտավորապես պետք է համապատասխանի առողջացողների թվին, այսինքն՝ չգերազանցի օրը 200 մարդը, այդ դեպքում առողջապահական համակարգը կհասցնի մեկուսացնել և նորմալ բուժել նրանց։ Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սանիտարա-հիգիենիկ պայմանները կտրուկ խստացվեն, բոլոր գործատերերը խիստ պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց աշխատակիցների աշխատանքի պայմանների, այլև նրանց անվտանգ տեղափոխման համար, հանրային վայրերում խիստ պահպանվի սոցիալական դիստանցավորումը, իսկ կառավարությունն էլ ապահովի համատարած թեստավորում՝ վարակի վաղ հայտնաբերման, մեկուսացման և բուժման համար։ Եթե դա չի արվում հիմա, մենք ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը, և ի վերջո հայտնվենք հսկայական մարդկային կորուստների առաջ, ինչպես դա եղավ Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ հիմա էլ ահագնացող տեմպերով տեղի է ունենում Բրազիլիայում, որը համավարակի դեմ պայքարում թույլ է տվել նույն անփութությունը, ինչ Հայաստանը։

Հայաստանում համավարակի ներթափանցումից սկսած ես պարբերաբար գրում եմ այս թեմայով և հորդորում պայքարի կոշտ մեթոդներ օգտագործել։ Ցավոք, կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները և հստակ ռազմավարութան բացակայությունը բերել են նրան, որ վիճակն օրստօրե վատանում է, և դրա համար այս կառավարությունը պետք է ի վերջո պատասխան տա։ Մինչ այդ ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ պաշտպանեք ձեր և ձեր մերձավորների առողջությունը, պահանջեք ձեր գործատերերից աշխատանքի և տեղափոխման անվտանգ պայմաններ, վերակազմակերպեք ձեր կենցաղը այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեք ընտանիքից դուրս ֆիզիկական շփումը և անիմաստ ռիսկերի մի դիմեք։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան ձեր ընտանիքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել