Իմ ամեն հարցազրույցից հետո, որտեղ ես հանրությանն առանց թաքցնելու ներկայացնում եմ հայկական ավիացիայի ներկա իրավիճակը, պատճառները և ստեղծված իրավիճակից ելքի միջազգայնորեն ընդունված կարգավորումները, ռուսալեզու մամուլում և «անկաշառ» բլոգերների մոտ սկսվում է հիստերիայի հերթական սրացումը:

Ահավասիկ, Արցախից Մոսկվա «թռած» ոմն «բլոգեր» Roman Baghdasaryan Infoteka 24 ռուսալեզու կայքում հոդված է տեղադրել հարցադրմամբ, թե «Զվարթնոցում» իմ պաշտպանած հայկական «Արմենիա» և «Ատլանտիս» ավիաընկերություններն ունեն 3 օդանավ: Ինչո՞ւ նրանք ՌԴ-ից Հայաստան չեն տեղափոխում այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին, ինչով կհիմնավորեին հայկական ավիափոխադրողների կարևորության մասին իմ պնդումները, ու որ ես շարունակում եմ քարկոծել իշխանություններին միայն քարկոծելու նպատակով:

Կարծում եմ՝ լավ հարց է:

Նախ` հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով:

Բացատրությունը․ քանի որ COVID-19 պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել սահմանափակ քանակությամբ` օրական ոչ ավելի, քան 200 ուղևորի, իսկ այդ քանակությունն արդեն (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ամրագրված է ռուսական ավիաընկերությունների կողմից:
Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչելու իր «հերոսներին»:

Եվ ՀՀ ՔԱԿ-ը կա՛մ կհերքի մեղադրանքս, ինչին կհետևի զրպարտության համար դատարան դիմելը, կա՛մ կհաստատի տեղեկությունս, ինչով կպատասխանի իր «հովանավորի» հարցին:

Ավելացնեմ, որ ավելի ուշ ՔԱԿ-ն ի վերջո կռահել է իր գործողության անթաքույց հակապետական «անհեթեթությունը» և մայիսի 23-ի համար «Արմենիա» ավիաընկերությանը թույլտվություն է տվել դեպի Վորոնեժ մեկ թռիչք կատարելու:

ԵՎ

Ես իմ հարցազրույցներից ու հրապարակումներից և ոչ մեկում ոչ մի անձնավորված մեղադրանք չեմ արտահայտել: Ասել եմ և պնդում եմ` ոլորտի կառավարումը համակարգային խնդիր է, և այդ համակարգը հնարավոր էր նույնիսկ նրա բացարձակ բացակայության պայմաններում կարգավորել 3-4 ամսում:
Զրոյից:
Ինչի համար կպահանջվի ոչ ավելի գումար, քան նախորդ տարվա գործուղումներին հատկացվածի կեսը:

Եվ մեղադրանքները, նախկինների թերություններին վերագրելու փորձերը, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության ծայրահեղ բացասական գնահատականի պատճառները, ICAO աուդիտը շատ բարձր` միջազգային նորմերին 84%-ից ավել համապատասխանությամբ ներկայացրած ԱՎԻԱՑԻՈՆ իշխանություններին վերագրելը շարունակում եմ համարել անբարոյական սուտ:

ՀՀ Ավիացիոն իշխանությունները կարիք ունեն արմատական վերափոխումների: Ավելի ճիշտ` վերակազմավորման, 1,5 տարում հիմնովի քանդածը զրոյից ստեղծելու համար (տեխնիկական մասով), ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության արմատական վերանայման (քաղաքական բաղկացուցիչը)։

Դա Հայաստանի համար ինքնիշխանության կարևորագույն գործիքի` տեղական ավիաընկերությունների կայացման միակ ուղին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել