Այսօր ԵԱՏՄ առաջնորդների նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց գազի միասնական սակագնի մասին:

Հարգելի պարոն վարչապետ, չգիտեմ՝ ինչով են զբաղված Ձեր խորհրդականներն ու օգնականները, որ չեն փորձում անգամ ուսումնասիրել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը նախքան Ձեզ համար ելույթներ պատրաստելը:

Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնեմ. ԵԱՏՄ օրակարգում չկա գազի միասնական սակագնի ձևավորման հարց: Չի էլ կարող լինել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ միասնական հարկային ու ֆինանսական համակարգեր: Ավելին՝ միասնական սակագնի համար անդամ-պետությունների էներգետիկ ու, մասնավորապես, գազատրանսպորտային շուկաները չափազանց տարբեր են (մեկը գազ ներկրող է, մյուսն՝ արտահանող):

ԵԱՏՄ-ի ընդհանուր գազի շուկան ենթադրում է գազային բորսայի ստեղծում, որտեղ կիրականացվի գազի առքուվաճառք սփոթային տարբերակով: Ներքին սակագները շարունակելու են սահմանվել անդամ-պետությունների կողմից: Նույն մոդելը գործում է ԵՄ-ում, Լատինական Ամերկայի ընդհանուր գազի շուկայում և այլուր:

Պարոն Փաշինյան, երբ Լուկաշենկոն է խոսում միասնական սակագնի մասին, ապա միանգամայն պարզ է նրա շահը՝ ապահովել Բելառուսի համար ռուսական Սմոլենսկում գործող սակագինը (70 դոլար): Դա խոշոր հաշվով բանակցային մանևր է: Երբ նույն բանի մասին հայտարարում եք Դուք, ապա անուղղակիորեն սպասարկում եք Մինսկի շահը, ինչը քաջ գիտակցում են նաև Մոսկվայում:

Հայաստան մատակարարվող գազի գնի հիմնախնդրի լուծումը գտնվում է բացառապես հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել