Մայիսի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային խմբի օնլայն հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կառավարությունների և բիզնեսների ռազմավարությունները, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներում առկա մարտահրավերները և հնարավոր լուծումները:

Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ բոլոր երկրները դիմագրավում են հանրային առողջության ճգնաժամի, և կորոնավիրուսը դեռևս երկար ժամանակ խնդիր է լինելու: Ներկայացնելով ճգնաժամը հաղթահարելու Հայաստանի ռազմավարությունը՝ նա նշել է, որ մտցված սահմանափակումների ռեժիմը հնարավորություն է տվել ժամանակ շահելու և ադապտացվելու իրավիճակին, մեծացնելու առողջապահական համակարգի կարողությունները: Հաջորդիվ կառավարությունն անհրաժեշտ նախապատրաստություններից հետո մեղմացրել է սահմանափակումները՝ միաժամանակ սահմանելով նոր իրավիճակում տնտեսության ու հասարակության վարքագծի ու գործունեության պարտադիր կանոններ և ուղենիշներ:

Տիգրան Ավինյանն ասել է, որ ճգնաժամային այս շրջանը նաև խթան է կարևոր բարեփոխումներ իրականացնելու համար, հատկապես թվայնացման ոլորտում: Նա անդրադարձել է թվային տնտեսության, թվային կառավարման ու թվային հասարակության հետագա զարգացման հնարավորություններին և համառոտակի պատմել մեր երկրի փորձի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել