ԵՂՈՒՆԳ ՈՒՆԵՍ՝ ԳԼՈՒԽԴ ՔՈՐԻ
Իշխանությունները մեզնից ձեռ են քաշել։ Օրինակներից վերջինը համաճարակի հետ կապված վիճակն է, երբ իշխանություններն իրենց պահեցին տուգանելու եւ հավաքներն արգելելու ֆունկցիան, մնացած հոգսերը դրեցին քաղաքացիների վրա։ Հաջորդը փոխադրամիջոցների խնդիրն էր, երբ գործատեղերը բացվել էին, բայց քաղաքացիներն իրենք պետք է լուծեին տրանսպորտի հարցը։ Մեկ այլ դրսեւորում էր Նորատուսի ճակատամարտը, երբ իշխանությունները կողքի էին քաշվել՝ թողնելով, որ քաղաքացիներն իրար կոկորդ կտրեն։ Օրինակները շատ են՝ ներկա սոցիալական վիճակի լուծումներից մինչեւ անվտանգության հարցեր, երբ իշխանությունները համաձայն են Ալիեւի հետ, որպեսզի վերջինս իրենց չխանգարի աշխատել, բայց քաղաքացիներն իրենց ճնշումներով, այնուամենայնիվ, պետք է հայ բանակցողներին ստիպեն հրաժարվել փուլայինից, քանի որ այն իրենց պետականության ու անվտանգության սպառնալիքն է։
Որքան էլ հայը ինքնաբավ անձնավորություն է, կան որոշակի ֆունկցիաներ, որ պետք է կատարեն ոչ թե առանձին քաղաքացիները, այլ քաղաքացիների կողմից պատվիրակված առանձին մարդիկ, քանի որ դրանք հանրային ֆունկցիաներ են, ոչ անհատական։ Ներկա իշխանությունները, որոնց քաղաքացիները մեկուկես տարի առաջ ընտրեցին 70% քվեով, եւ որոնք, ըստ բոլոր օրենքների ու սահմանադրությունների, պետք է կատարեն այդ ֆունկցիաները, հիմա չեն կատարում։
Արդեն հեռու ենք այս հարցերում իշխանություններին քննադատելուց, քանի որ քննադատությունը չի աշխատում։ Չի աշխատում նաեւ իշխանություններին հեռանալու կոչեր անելը, քանի որ բազմաթիվ կոչերից հետո, միեւնույնն է, չեն հեռանում։ Կարծես հասկանալի են դառնում նաեւ պատճառները․ կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ռեկետից մինչեւ ադամանդագործություն, որով զբաղված են իշխանությունները եւ քաղաքացիների հանրային խնդիրներով զբաղվելու ժամանակ չունեն։ Հենց սա ի նկատի ունենալով՝ իշխանություններին հավատարիմ ֆեյքերը եւ ֆեյքերին հավասարեցված անձնավորությունները կոչ են անում՝ թողեք՝ աշխատեն։
Եւ իրոք, ձեռք քաշենք իշխանություններից եւ թողնենք՝ նրանք իրենց գործերով զբաղվեն, բայց այս պայմաններում մեր ազնիվ ազգը կկոտորվի։ Առաջարկվում է հանրային աշխատանքները կազմակերպելու համար ձեւավորել արտասահմանադրական մի կառույց, թող կոչվի, ասենք, «Եղունգ ունես՝ գլուխդ քորի» հանձնաժողով, որը կզբաղվի տարբեր բնագավառներում քաղաքացիների գործունեության կազմակերպմամբ։ Կրկին չխանգարենք սահմանադրական մարմիններին՝ նախագահին, խորհրդարանին, կառավարությանը, քաղաքապետարանին, թաղապետարաններին ու գյուղապետարաններին, նրանք զբաղված են պարգեւավճարներով, հավելավճարներով եւ այլ ձեւերով բյուջեն տաշելով, մինչ մենք փորձում ենք գոյատեւել։
Միանգամից երեք խնդիր է առաջանում՝ ովքե՞ր են լինելու «Եղունգ ունես՝ գլուխդ քորի» (ԵղՈւԳՔ) հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպե՞ս լուծել ֆինանսների հարցը եւ արտաքին հարաբերությունները։ Առաջին հարցը, թերեւս, այդքան էական չէ, օրինակ՝ կարելի է զառ գցել կամ հարցնել գուշակին, ասենք՝ Գագիկ Սուրենյանին, եւ այս հիմքի վրա ձեւավորել առանձին հանձնախմբերը։ Միեւնույնն է, կունենանք շատ ավելի լավ արդյունք, քան այս 70%-ականների դեպքում։
Ֆինանսների համար երեւի ամենանպատակահարմարը սկզբնական շրջանում հայազգի մեծահարուստներին դիմելն է, բայց նրանց, որոնք գումարներ չեն տվել իշխանական ֆոնդերին եւ, ուրեմն, ներգրաված չեն նրանց ընտանեկան բիզնեսներում։ ԵղՈւԳՔ հանձնաժողովականները պետք է լինեն նվիրյալներ եւ աշխատեն առանց պարգեւավճարների։ Կարելի է համոզված լինել, որ շատ արագ նվիրյալները կձեւավորեն մի միջավայր, ուր ներդրումները կհոսեն, եւ համապատասխանաբար, կլուծեն հետագա ֆինանսավորման հարցը։
Արտաքին հարաբերություններն այսպիսի լուծման ամենաբարդ մասն են, քանի որ համաշխարհային հանրությունը սովորություն ունի հաշվի առնելու Հայաստանի 70%-անոց ընտրյալ ներկայացուցիչներին։ Այստեղ անհրաժեշտ է ԵղՈւԳՔ-ի հեղինակության արագ հաստատում, որպեսզի բյուջե տաշողները չհասցնեն գնալ փուլայինի կամ ստեղծել ադրբեջանցիների հետ համատեղ բնակեցման անվտանգության սպառնալիքներ։ Երբ մյուս պետությունները կհամոզվեն, որ 70%-ները չեն կարող իրագործել մեր գլխին որեւէ փորձանք, նրանք ստիպված կլինեն հաշվի նստել ժողովրդի ներկայացուցիչների՝ ԵղՈւԳՔ հանձնախմբի հետ՝ աստիճանաբար նրանց հետ քննարկելով մեր անվտանգության խնդիրները։
Քաղաքացիների փրկության այս ծրագրի հաջող իրականացման համար ամենակարեւոր գործոնը երբեք իշխանություններին չդիմելն է եւ նրանցից գործողություններ չակնկալելը։ Թող իրենք զբաղվեն իրենց գործերով, պադավատները քշեն, սեւ իկրա ուտեն, բայց մեր հարցերին չմիջամտեն, այլապես նրանց այս գործին խառնելու դեպքում նրանք կսկսեն ձերբակալել, ծեծել, մի խոսքով՝ նախանձից ամեն կերպ կխանգարեն։
Աղասի Ենոքյան