Ես հասկանում եմ, որ տրանսպորտի գծի տերերը լավ ախորժակ ունեն, բայց ես էլ ընդհանրապես ցանկություն չունեմ ինչ-որ մեկի ախորժակի, 5000 դրամով ծախված ազգիս, որը, իմիջիայլոց, հիմա կանգնել ու իր դժգոհությունն է արտահայտում գնաճի հետ կապված, կարծես ինքը չէր, որ սրան հանգեցրեց, կամ էլ ինչ-որ մի իշխանականի նոր մեքենա գնելու ցանկության զոհը դառնալ: Եվ եթե ինձնից պահանջում են 150 դրամ վճարել, ես պահանջում եմ բարձրացնել աշխատավարձս 2500 դրամով, որը կծախսվի օրական 100 դրամ հավելյալ ծախսի համար: Կասեք, 2500 դրամի եղածն ի՞նչ է որ... Ինձ համար ոչինչ, մեկ ուրիշի համար` մեկ շաբաթվա հացի փող... Ես չեմ հասկանում ոչ մի բան: Երկրից առանց այդ էլ արտագաղթը մեծ էր, հիմա էլ բարձրացվում են տրանսպորտի /գազի/ ուսումնական հաստատությունների տարեկան վարձի գները: Մենք այն երկիրն ենք, որ, ունենալով ջրի ռեսուրսներ, անգամ դրանց համար է գումար գանձում: Ի՞նչ է լինելու այս տոտալ քայքայման վիճակը...

Ինչևէ, վերադառնանք բուն թեմային` տրանսպորտ: Հետաքրքիր նյութ եմ այսօր կարդացել, որտեղ նշվում էր, որ ամսական տրանսպորտը պետք է տեղափոխի 5.850 ուղևոր, ասել է թե` օրական 195 ուղևոր: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ միկրոավտոբուսն օրական կատարում է 6.5 շրջապտույտ (շրջապտույտը 32 կմ), իսկ սա նշանակում է, որ միկրոավտոբուսը շրջապտույտ կատարելիս տեղափոխում է (195/6.5) 30 ուղևոր, այսինքն` մոտավորապես 16 կմ ճանապարհ անցնելիս (օրինակ Աջափնյակից Էրեբունի) տեղափոխում է ընդամենը 15 ուղևոր, այն դեպքում, երբ իրականում տեղափոխում է նվազագույնը 25-30 ուղևոր: 25 ուղևորի հետհաշվարկով ստացվում է օրական ոչ թե 195, այլ՝ 325, իսկ ամսական ոչ թե 5.850, այլ 9750 ուղևոր:

Եվ անգամ այս ուռճացված ծախսերի պարագայում՝ 870.190 դրամ, հարաբերակցությունը 9.750 ուղևորների պարագայում չի գերազանցում 100 դրամը (կազմում է 83 դրամ՝ չհաշված շահույթը): Հիմա ո՞վ ինձ կբացատրի, ես ինչո՞ւ պիտի լցնեմ մեկի գրպանն ավելի, քան առաջ, որովհետև նրանք անկատար պլաննե՞ր ունեն, Մայամի չե՞ն հասցրել գնալ: Իրենց խնդիրն է: Ինչ ուզում են, թող անեն, ամեն օր կուշանամ աշխատանքից, բայց բոլորին կբացատրեմ, թե ինչու չեմ վճարելու ավելին: Ու ոչ թե նրանից, որ այդ օրական 100 դրամի հույսին եմ, այլ այն պատճառով, որ ինչքան շատ ենք լռում, այդքան շատ է դիմացինն իրեն թույլ տալիս: Հերիք եղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել