Երեկվա 300+ րոպեանոց ասուլիսի ընթացքում վարչապետը, ինչպես միշտ, անդրադարձել է դատական իշխանության խնդիրներին։ Ինչպես միշտ՝ հայտարարել է, որ նպատակ ունի ոչ թե իրենց քաղաքական ուժից կախված, այլ իրապես անկողմնակալ դատական համակարգ ձևավորել։

Այս հայտարարության անկեղծության հարցը եկեք դիտարկենք հետևյալ տեսանկյունից. Փաշինյանի կառավարությունը երբևէ դրսևորե՞լ է ունակություն (եթե կուզեք՝ քաղաքական կամք)՝ անկողմնակալություն պահանջող պաշտոններում նշանակելու անկողմնակալ անձանց, կամ անկողմնակալության դեմ մեղանչածներին հեռացնելու անկողմնակալություն պահանջող պաշտոններից։

Հենց երեկ անկողմնակալության բարձր չափանիշ ենթադրող պաշտոններից մեկը զբաղեցնող անձը՝ Հանրային խորհրդի նախագահը, սեռով պայմանավորված՝ էժան վիրավորանք է հասցրել հայտնի ադրբեջանագետ Anzhela Elibegova-ին։ Ընդ որում, այդ վիրավորանքի հիմքում ակնհայտորեն ընկած է հանրության մեջ առկա որոշակի դիրքորոշման նկատմամբ՝ ՀԽ նախագահի կանխակալ վերաբերմունքը։

Հիմա հարց. եթե ուղիղ Ձեզնից կախված՝ անկողմնակալություն ենթադրող պաշտոններում չեք ապահովում տարրական անկողմնակալություն, բա ո՞նց եք ակնկալում, որ հավատ ներշնչի Ձեր հավաստիացումը՝ դատարանների անկողմնակալությունն ապահովելու մասին։

ՀԽ նախագահին ներկայացվող անկողմնակալության պահանջը գնահատելու համար մեջբերեմ օրենքով սահմանված՝ ՀԽ որոշ խնդիրներ՝

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության ՏԱՐԲԵՐ ՇԵՐՏԵՐԻ շահերը ներկայացնելը.

2) պետական կառավարման գործընթացներին ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆԸ նպաստելը ...

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈւԹՅԱՆ , երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը.

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ բացահայտելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել