Մանիպուլյացիա աշխատավայրում. ենթարկվե՞լ, թե՞ ենթարկելԻնչպես նշում է Cosmopolitan Հայաստանի հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը. «Պետք չէ վախենալ «ՈՉ» ասելուց. կոլեկտիվում դու պետք է պահես քո կարգավիճակը, այլապես չես հասկանա, թե որտեղ են սկսվում և ավարտվում քո անմիջական աշխատանքային պարտականությունները»:

Ու որքան էլ փորձում ենք երևույթի համար մեղավորներ փնտրել մեր շրջապատում, փաստը մնում է փաստ, որ շատ հարցերում իրադարձությունների ընթացքն անմիջականորեն կախված է լինում հենց մեզնից: Դեռ դպրոցական տարիքից մեր մեջ արմատացած գերազանցիկի հատկությունը մեզ ակամայից մղում է նրան, որ մենք, հիմնվելով մեր էնտուզիազմի վրա, նախաձեռնում ենք նոր նախագծեր, խնդրում լրացուցիչ առաջադրանքներ կամ ինքնակամ շտապում ենք առաջինը կատարել ողջ կոլեկտիվին հանձնարարված գործը: Որքան էլ որ նման աշխատելաոճն իր դրական կողմերն է ունենում (դու տնօրենության մոտ առանձնանում ես որպես լավ աշխատող), այն, որպես կանոն, հանգեցնում է նաև բացասական հետևանքների:

Տաթևիկ Աղաբեկյանն ասում է. «Չափից դուրս էնտուզիազմը կարող է առաջացնել «ես կանեմ» ռեակցիա, այսինքն` բոլոր առաջադրանքները և հանձնարարությունները կատարելու առաջին քայլը անում ես դու: Արդյունքնում՝ կոլեկտիվի մյուս անդամներն ակամայից սպասում են, որ դու պետք է առաջինը գործես, ինչով դու կրկին ջնջում ես անմիջական պարտականությունների սահմանները»:

Աշխատավայրում առաջնահերթը քո հիմնական պարտականություններն են: Իսկ երբ գործընկերներիցդ մեկը դիմում է քո օգնությանը, կախված օգնության չափից ու բարդությունից, փորձիր վերլուծել իրավիճակը: Եթե զգում ես, որ «օգնություն» անվան տակ կատարելու ես առաջադրանքի ամենաբարդ մասը կամ ողջ առաջադրանքը, ապա գործընկերոջդ դիմիր հետևյալ հարցով. «Դեմ չես լինի, չէ՞, եթե ես մեր տնօրենին զգուշացնեմ, որ օգնելու եմ քեզ, որպեսզի նա ինձ նոր գործ չհանձնարարի»: Գործընկերոջդ արձագանքը կօգնի կողմնորոշվել` ինչպես գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել