ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ներկա քաղաքական իշխանությունների բոլոր ընդդիմախոսներին

Վաղը՝ մայիսի 16-ին, ուժի մեջ է մտնելու ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը, որը քրեականացնում է բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու քարոզելը։

Մայիսի 8-ին խորհրդարանում քայլականները հստակ ներկայացրին իրենց վերաբերմունքը բռնությանը՝ արդարացնելով ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ծեծը, ուստի հեռու եմ պատրանքից, որ հոդված 226.2-ը կիրառվելու է առանց խտրականության, առանց «լայն մեկնաբանման», և այն չի դառնալու մահակ ընդդիմախոսների դեմ։

Այնուհանդերձ, որպես իրավապաշտպան՝ պարտքս եմ համարում ներկա քաղաքական իշխանության բոլոր ընդդիմախոսներին մատչելի ձևով տեղեկացնելու նոր կարգավորումների մասին։
—————————————
Հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ

սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված

— բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,
— նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ
— քարոզելը, (…)

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը ՄԵԿ ՏԱՐԻ ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից ԵՐԵՔ տարի ժամկետով կամ առանց դրա:
—————————————
Տարածելը խրախուսվում է։

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել