168.am-ը գրում է․
Չինաստանում տարածված կորոնավիրուսը Հայաստան չի եկել, այս պահին դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, սակայն վարակների կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել կանխարգելման միջոցառումներ` ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, սուր շնչառական հիվանդություններով մարդկանց հետ շփումները նվազագույնի հասցնել, համատեղ օգտագործվող սպասքը պարբերաբար ախտահանել:
Այս մասին դեռևս 20202. հունվարի 31-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կազմակերպած ասուլիսի ժամանակ ասել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հետո կորոնավիրուսը հասավ Հայաստան, և պարզվեց, որ Հայաստանում դիմակ չկա, այսինքն` համարյա չկա, եղածն էլ վաճառվում էր աստղաբաշխական գներով: Բնականաբար, մեղքը գցվեց ոչ բարեխիղճ տնտեսվարողի վրա, ովքեր մեծ խմբաքանակներով էժան ժամանակ դիմակներ էին ձեռք բերել ու հետո վերավաճառել արդեն թանկ գներով:
Կորոնավիրուսի տարածման տեմպերի ահագնանալու հետ մեկտեղ՝ փոխվեց արդեն նախարար Թորոսյանի մոտեցումը դիմակ կրելու նկատմամբ:
«Մեզ վերջնական պատասխան տվեք՝ հիմա այս ձեռնոցներն ու դիմակները դնելո՞ւ ենք, թե՞ ոչ, երկիր կա՝ դնում են, երկիր էլ կա՝ ոչ: Մի տեղ ասում են՝ դրեք, մի տեղ՝ ոչ: Հիմա վերջը ի՞նչ է լինելու»,- ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի` ապրիլի 10-ի նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին նման հարցադրումներ հղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Շատ կարևոր հարց է այն համատեքստում, որ մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ»,- նախ արձանագրեց Արսեն Թորոսյանը:
Ապա նշեց, որ առօրյայում դիմակ և ձեռնոց կրելու նպատակը բերանի, աչքի կամ քթի միջոցով վիրուսը դիմացինին «չհասցնելն» է:
«Եթե դուք դիմակով եք, և պատահաբար այն բարձրացնեք ու ձեռքը կպցնեք բերանին կամ քթին… իմաստը դա է: Նույնը, երբ փոքր տարածքում մի քանի մարդ իրար մոտ է կանգնած, և դիմակը թույլ չի տա օդի կաթիլները բերանից և քթից փոխանցել: Նույնն էլ՝ ձեռնոցի պարագայում, բայց այն ավելի վտանգավոր է դիմակից, եթե պատշաճ ձևով չի փոխվում կամ հանվում»:
Ըստ նախարարի՝ որոշ դեպքերում ձեռնոցը մոտ 8 ժամ խորհուրդ է տրվում կրել, բայց բժշկական հաստատություններում այն փոխում են մոտ չորս ժամը մեկ:
Հիմա էլ` արտակարգ դրության` ևս մեկ ամսով երկարաձգելուց հետո պարզվում է, որ դիմակ կրելը ոչ միայն պարտադիր է, այլև չկրելը կարող է համարվել արտակարգ դրության պայմանի խախտում և, հետևաբար, համապատասխանաբար՝ կենթադրի նաև պատասխանատվություն… տուգանքի ձևով:
Բայց արդեն դիմակի պակաս կարծես թե չկա: Ճիշտ է, նախկինի համեմատ՝ այն վաճառվում է 5 անգամ բարձր գնով, սակայն դիմակներ կան ամենուր:
Այդ մասին մայիսի 3-ին հայտնեց անգամ պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համատեղ անցկացվող ուղիղ եթերի ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ Հայաստանում մեկնարկում է դիմակների լայնածավալ արտադրություն:
Վարչապետի տեղեկություններով՝ նոր բացվող արտադրամասն օրական 200.000 դիմակ կարտադրի:
Պաշտոնյաները՝ Տավուշի մարզպետին վկայակոչելով, հայտնեցին նաև, որ մարզում գտնվող արտադրամասը մայիսի 4-ից արդեն կսկսի գործել:
Մայիսի 4-ին արդեն Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. ««Տավուշ տեքստիլ» ընկերությունը սկսեց պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն՝ բոլոր ստանդարտներին համապատասխան։ Օրական արտադրական ծավալները կհասնեն 300.000-ի։
«Տավուշ տեքստիլի» և պարոն Սուրեն Երիցյանի ողջ գործունեությունը Տավուշում ժողովրդին ու պետությանն ապավեն լինելու գերազանց օրինակ է։ Շնորհակալ եմ և ուրախ, որ դեռ երկար համատեղ ճանապարհ ունենք անցնելու»։
Համաձայնեք, որ փոքր թիվ չէ օրական 300.000 դիմակի արտադրությունը: Պահանջարկը կա, հիմա, փաստորեն, նաև հնարավոր է՝ պարտադրված, առաջարկն էլ չի զիջում պահանջարկին: Միայն թե անհասկանալի է, թե ինչու է դիմակների գինը նույնը՝ թե դրանց արտադրությունից առաջ, երբ այն խիստ դեֆիցիտ էր ու համարվում էր ներկրվող ապրանք, թե հիմա, երբ արդեն դրանք արտադրվում են Հայաստանում ու ոչ քիչ քանակով:
Ի դեպ, պետք է նկատի ունենալ, որ մեկ դիմակի համար ամենաէժանը 160 դրամ վճարելը լուրջ բեռ է շատ ընտանիքների համար, ովքեր, արդեն 3-րդ ամիսն է, որ չունեն եկամտի աղբյուր:
Համավարակի ժամանակ թանկ գնով դիմակ վաճառելը, թերևս, հայրենասիրության ցուցիչ դժվար համարվի:
Հիշեցնենք, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ներկայում ընկերությունն ունի արտադրություններ Չորաթան, Արծվաբերդ, Բերդ համայնքներում, և սպասարկող արտադրամաս՝ Մովսես համայնքում: