A1plus.am-ը գրում է․
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվար ամսին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։ «Ա1+»-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին, Արայիկ Ղազարյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2019 թվականի օգոստոսի 12-ին, իսկ Կարեն Ղազարյանը՝ 2018 թվականի հուլիսի 15-ին։
«Ես կարող եմ ասել վերջին այցելության մասին, որը կարող ենք հաստատել։ Այն եղել է այս տարվա փետրվարին։ Նրանց վիճակի մասին չեմ կարող ասել, որովհետև նման բաները մենք չենք կիսվում հանրության հետ։ Այդ անձանց միջև մեր երկխոսություններով, մեր մտահոգություններով կիսվում ենք իշխանությունների և ընտանիքի հետ։ Այսինքն՝ այդ շրջանակից դուրս է մնում հանրությունը»,- շարունակեց ԿԽՄԿ ՀԳ հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։
Ամատունին նշեց, որ այցելություններ կատարելու պատրաստակամություն «Կամիր խաչը» միշտ ունի, և ինքը կարող է հաստատել միայն կազմակերպության կատարած այցելության փաստը։ Իսկ Ադրբեջանում հայտնված հայերի ընտանիքները, ըստ նրա, տեղեկություններ ստանում են «Կարմիր խաչ»-ի միջոցով, որովհետև այցելողը կոմիտեի պատվիրակությունն է։
Այսինքն՝ ընտանիքները վերջին անգամ տեղեկություններ ստացել են փետրվար ամսին։ «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նաև չասաց փետրվար ամսին կատարված այցելության ժամանակահատվածը, քանի որ որոշել են այս ընթացքում նշել միայն այցելության ամիսը։
Հարցին՝ ինչո՞ւ է «Կարմիր խաչ»-ի գրասենյակը վերջին անգամ փետրվար ամսին այցելելություն կատարել, պատասխանեց, որ առաջին պատճառը կորոնավիրուսն է։
«Բացի դրանից, ցանկացած հանդիպում մենք կարող ենք կատարել միայն իշխանությունների համաձայնությամբ: Դա նրա համար չեմ ասում, որ թույլ են տալիս կամ ոչ։ Բայց կազմակերպությունը չի կարող ամեն պահի ցանկանալ «դուռը բացել» և մտնել ցանկացած տեղ։ Մուտք գործելը պայամանվորված է փոխադարձ համաձայնությամբ»,- ընդգծեց նա։
Իսկ, թե հաջորդ այցելությունը երբ է նախատեսված, Ամատունին ժամկետներ դժվարացավ նշել, իսկ այցելությունները կատարվում են պարբերականությամբ, և կոմիտեն երբևէ խոչընդոտ չի ունեցել։
«Ինչ վերաբերում է հաջորդ այցելությանը, հնարավորության դեպքում կայցելենք։ Հատուկ օր չկա նախատեսված։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք իշխանությունների հետ, նաև կորոնավիրուսի հետ կապված ենք աջակցել, և շարունակում ենք։ Իշխանությունների հետ երկխոսությունն ընթացիկ է, և երբեք չենք դադարել ինֆորմացիա փոխանակել»,- շարունակեց նա։
Իսկ երկխոսության բովանդակությունը, նրա փոխանցմամբ, վերաբերում է պետություններում պահվող անձանց կեցության պայմանների, իրավունքների և ընտանիքների հետ կապին։
Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վիճակի վերաբերյալ տեղեկությունների համար նաև կապ հաստատեցինք ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ։
«Ես իրավունք չունեմ տեղեկություն փոխանցել, դա «Կարմիր խաչ»-ի լիազորությունների շրջանակներում է։ Գուցե իրենք ինչ-որ բան չեն ասում՝ գործընթացին (նկատի ունի գերիների վերադարձի - հեղ․) չվնասելու համար»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը։
Վերջինս նաև ասաց, որ Ադրբեջանում հայ գերիների առողջական վիճակի վերաբերյալ նույնպես չի կարող տեղեկություն տրամադրել, և «Կարմիր խաչ»-ն է այցելություններ անում, և կազմակերպությունն է լիազորված այս հարցերին պատասխանելու։
ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը նույնպես տեղեկություններ չկարողացավ փոխանցել մեր հայրենակիցների վերաբերյալ։
Արցախում «Կարմիր խաչ»-ի առաքելության ներկայացուցիչ Էսթեր Մուսայելյանն ավելին չասաց, քան ասել էր իր գործընկերը՝ Զառա Ամատունին։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին և ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին կատարած զանգերը մնացին անպատասխան։
Եղեգիս համայնքից Արայիկ Ղազարյանի վերաբերյալ համայքնի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ վերջին 15 օրվա տեղեկությունները չունեն։
«Դրանից առաջ, որ «Կարմիր խաչ»-ը գնացել էր, այնտեղից իրենից նամակ է բերել, որ «ամեն ինչ նորմալ է, էս կոմ, էն կոմ»։ Նամակը 15-20 օր առաջ է բերել»,- շարունակեց Ստեփանյանը։
Վերջինիս խոսքերով՝ վերջերս, որ իրենք այցելության են գնացել Ղազարյանի ընտանիքին, Արայիկ Ղազարյանի նամակներն են կարդացել։ Համայնքապետի խոսքերով՝ Ղազարյանի մայրը ցանկանում էր նաև «Կարմիր խաչ»-ի միջոցով գնա Ադրբեջան՝ որդուն տեսնելու։
«Այն էլ երեխան նամակ էր գրել, որ «պետք չէ, որ դուք գաք և այլն»։ Առողջական վիճակի վերաբերյալ այնքան են իմանում, որքան գրում է՝ «նորմալ ա»»,- եզրափակեց Արթուր Ստեփանյանը։
Իսկ Բերդավան գյուղից Կարեն Ղազարյանի հոր՝ Արմեն Ղազարյանի խոսքերով՝ որդու վիճակը լավ չէ։
««Կարմիր խաչ»-ից մեզ փոխանցել են, որ իր վիճակը լավ չէ։ Ինքն առողջական խնդիրներ ունի։ Ոչ մեկի հետ չի շփվում, չի խոսում։ Բանտախցից դուրս չի գալիս թույլատրելի ժամին, ուտելը վատ է»,- շարունակեց Կարեն Ղազարյանի հայրը։
Արմեն Ղազարյանի փոխանցմամբ՝ որդին նախկինում էլ հոգեկան խնդիրներ ունեցել է, հիմա վիճակն ավելի է սրվել, դեղորայք չի ընդունում, առողջականը լավ չէ։ Հարցին՝ ետ վերադարձնելու համար ի՞նչ քայլեր են կատարվում, պատասխանեց, որ տեղյակ չէ, իրենց ոչինչ չեն ասում։ Առողջական վիճակի վերաբերյալ, ըստ Արմեն Ղազարյանի, փոխանցվել է «Կարմիր խաչ»-ի բժշկի կողմից։
«Այստեղ դեղորայք էր ընդունում, տալիս էինք, այստեղ նորմալ էր, հիմա որ չի ընդունում, փաստորեն վիճակը սրվել է»,- ասաց Արմեն Ղազարյանը։ Հարցին՝ վերջին անգամ իշխանություններն ի՞նչ են ասել որդու հետ կապված, պատասխանեց․ «Դե ասել են, որ «կվերադարձնենք»»։
Ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գնացել է «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակ, և իրեն միայն որդուց նամակ են փոխանցել։
Հարցին՝ որդին ինչպե՞ս է իրեն զգում, ի՞նչ է ասել նամակում, պատասխանեց․
«Գրել է, որ կգա, բայց ե՞րբ, չգիտի։ Ո՞նց կգա, դա էլ չգիտի»։ Ըստ Կարինե Բաղդասարյանի՝ «Կարմիր խաչ»-ը փետրվարի 20-ին է որդուն այցելել։ Իսկ թե Ղազարյանին ինչպես են վերաբերվում Ադրբեջանում, մայրն ասաց, որ այդպիսի բաները որդին չի ասում․ «Ինքը չի էլ կարող ասել, որովհետև իր կողքը կանգնում են, ինքը գրում է։ Դա բոլորիս էլ պարզ է»։
Իսկ որդուն վերադարձնելու մասով Բաղդասարյանն ասաց, որ իշխանություններն իրեն ասել են՝ «գերիների փոխանակում չենք կարող իրականացնել, որովհետև Ձեր տղան սովորական զինվոր է, չենք կարող փոխանակել Շուշիում բանտարկված դիվերսանտների հետ»։
Արայիկ Ղազարյանի մայրը նշեց, որ մարտ ամսին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Արայիկ Զալյանը մարտ ամսին որդու հետ կապված դիմում է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այնտեղից պատասխանել են, որ վաղը՝ մայիսի 14-ին, դիմումի հետ կապված պատասխան կլինի։
«Ես ինքս եմ գրել դիմումը։ Դիմումի մեջ նշել եմ, որ «Ադրբեջանում երեխային վտանգ է սպառնում, խոշտանգում և այլն»։ Բոլորիս էլ պարզ է՝ ինչ է կատարվում։ Գոնե տանեն երրորդ երկիր։ Իշխանությունը քայլեր չի ձեռնարկում»,- մանրամասնեց Կարինե Բաղդասարյանը։
Վերջինս նշեց, որ Արցախից ռազմական քննիչն իրեն ասել է, որ որդուն 6-7 տարի ազատազրկում է սպասվում՝ դասալքության համար։
«Ասում եմ՝ «տեսախցիկներ կան, եթե իմ տղան դիրքը թողել, գնացել է, ցո՛ւյց տվեք։ Օրը ցերեկով ո՞նց է կարող զինվորը փախչի»։ Եթե զինվորը 10 անց 25 րոպե դիրքերում է եղել, 12-ին արդեն Ադրբեջանական ալիքը ցույց է տվել։ Հնարավո՞ր է ցերեկով փախչել, որ ոչ մեկը չտեսնի»,- ասաց նա։ Մայրը պատրաստվում է «մինչև վերջ պայքարել»։
Արսեն Բաղդասարյանի ընտանիքի հետ չհաջողվեց կապ հաստատել։
Նշենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքով 2019 թ. փետրվարի 27-ին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման , իսկ ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը 2015 թվականիի մայիսի 5-ին՝ 15 տարվա ազատազրկման, նույնպես շինծու մեղադրանքով։
«Կարմիր խաչը» այցելել է նաև ԼՂՀ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներին։ Շահբազ Գուլիևը դատապարվել է 22 տարվա ազատազրկման, իսկ Դիլհամ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման։ Նրանք, և խմբից ևս մեկը (Հասան Հասանովը սպանվել է Արցախի իրավապահների ուժերի կողմից գործողության ժամանակ) 2014 թվականի հուլիսին կատարած դիվերսիայի ընթացքում գերեվարել, ապա սպանել էին Քարվաճառից 17-ամյա Սմբատ Ցականյանին։