Ճիշտն ասած, վերջին ժամանակներս հենց առավոտը բացվում է, չգիտես թե ինչու ինձ մոտ մտավախություն է առաջանում` «Տեր Աստված, էլ ի՞նչ վատ լուր եմ լսելու»: Հիրավի. վերջ ժամանակներս, երբ թերթում ես մամուլի տեսությունը, Հայաստանի հետ կապված բացի վատ լուրից գրեթե լավ բան չես ընթերցում: Մեկ գազն են թանկացնում, այնուհետև էլեկտրաէներգիան, դրանց հետ կապակցված, թե չկապակցված աննախադեպ գնաճերը համարյա բոլոր ապրանքների պարագայում: Արտագաղթի տեմպերը օր օրի աճում են: Այս ամենին զուգահեռ տեղեկանում ես, որ Ռուսաստանը Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել, մեկ էլ անկապ, ինչ-որ մոլդովացի փաստաբան Ադրբեջանի պատվերով սկսում է մեր իսկ Ազգային ժողովում հրապարակավ մեզ մեղադրել, հետո իմանում ես, որ մեր վարորդին կանացի խալաթով բերել են դատարան, այնուհետև հանկարծակի, առանց որևէ նախապես տեղեկացման տեղեկանում ես, որ մի քանի օրից տրանսպորտի սակագինը թանկանում է 50 տոկոսով: Էլ չեմ ասում, որ ինքնասպանության փորձերի և դեպքերի մասին տեղեկատվություններն արդեն դարձել են մեր լրահոսի անբաժանելի մասը: Կարդում ես այս ամենը և մտածում` սա պատահականությո՞ւն է, թե՞ օրիանաչափություն:
Հ.Գ. Ե՞րբ է գալու այնպիսի մի ժամանակահատված, որ մեր Հայաստան երկիրն ողողված լինի միայն հուսադրող ինֆորմացիաներով, չէ՞ որ մեր քաղաքացին իսկապես արդեն հոգնել է վատ բաներ լսելուց, նրան անհապաղ դրական էմոցիաներ են անհրաժեշտ:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=24114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել