Pastinfo.am-ը գրում է․

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով, այն ծեծկռտուքը, որ տեղի ունեցավ խորհրդարանում իշխող խմբակցության եւ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության նախագահի միջեւ, ցույց տվեց, որ իրականում ոչիչ չի փոխվել, փոխվել են դեմքերը եւ կուսակցությունների անունները:

«Միգուցե չկան մականունավոր պատգամավորներ, բայց նրանց փոխարինողները, միեւնույնն է՝ կան»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով բուն միջադեպի փաստին եւ այն հանգամանքին, որ այդ ամենը տեղի ունեցավ երկրի վարչապետի ներկայությամբ, քաղտեխնոլոգը շեշտեց, որ էականը բուն փաստը չէ, որովհետեւ նման միջադեպեր լինում են, բայց իրականում խնդիրը միջադեպին հաջորդած հայտարարություններն էին :

«Խնդիրը հետագա ռեակցիան էր, պրոբլեմը այստեղ է: Վարչապետի այդ հայտարարությունը ցույց տվեց մեկ բան՝ նույն տեմպով ամեն ինչ շարունակվում է »,-ասաց Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, Սասուն Միքայելյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ ծեծկռտուքից հետո վարչապետ Փաշինյանը անուղղակի արդարացրեց իր կուսակցի գործողությունները՝ հայտարարելով թե տեղի է ունեցել սադրանք: Նա կրկին սլաքներն ուղղեց նախկինների ուղղությամբ:

Քաղտեխնոլոգն ասում է՝ դա արդեն սովորական է դարձել ու տպավորություն է, որ շուտով վարչապետը նախկինների վրա է բարդելու նաեւ կորոնավիրուսի մեղքը ՝ հայտարարելով, թե նախկիններն են բիոլաբորատորիաներում ստեղծել կորոնավիրուսը: «Դա թուլության վկայություն է»,-կարծում է Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ առաջիկայում տարբեր քաղաքական զարգացումներ կարող են լինել:

Սցենարների մասին քաղտեխնոլոգը չխոսեց, բայց նշեց, որ ստեղծված իրավիճակում, որքան էլ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություններ անի, քաղաքական զարգացումների լոկոմոտիվ չի կարող դառնալ: « Լուսավոր»-ը մի քանի անգամ ապացուցել է, որ ինքը որեւէ ռադիկալ քայլերի գնացող չէ, իսկ փոփոխությունները ենթադրում են ռադիկալիզմ»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, ստեղծված իրավիճակը «Լուսավոր Հայաստան»-ի համար հնարավորություն է՝ընդդիմադիր քաղաքական նոր մակարդակի դուրս գալ, որովհետեւ այդ ուժին, ինչպես եւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցությանը հանրությունը չէր ընկալում որպես ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժ: «Ֆորմալ առումով հասկանալի էր, որ ԼՀԿ-ն ընդդիմադիր խմբակցություն է, բայց նա ընկալվում էր մի ուժ, որը տարբեր քաղաքական զարգացումների ընթացքում տարբեր դրսեւորումներ էր ցուցաբերում: Նույնիսկ հիշում եք, ժամանակին լինում էին գործողություններ ու նախաձեռնություններ որոնք նույնիսկ կապվում էին իշխանության ցանկության հետ եւ համարվում էր, որ իշխանությունը չի ուզում իր անունից նման նախաձեռնություններով հանդես գա եւ դրա փոխարեն այդ առաքելությունը «Լուսավոր»-ին է փոխանցում»,-ասաց Վիգեն Հակոբյանը ՝ հավելելով, որ այդ ուժը , ըստ էության երկչոտ դիրքերից է հանդես եկել՝ մեկ ընդդիմադիր, մեկ ՝հեղափոխությանը սատարողի:

Վերջին շաբաթների ընթացքում իշխանության հետ հարաբերությունները, քաղտեխնոլոգի խոսքով, սրվում էին եւ դրա հիմքում դրվում էին նախկինների հետ ԼՀԿ-ի հնարավոր կապերի մեղադրանքը: «Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ն մանեւրելու հնարավորություն առանձնապես չունի կամ ընդդիմադիր դիրքորոշում է որդեգրում, որովհետեւ մանավանդ վարչապետի քաղաքական հայտարարություններից հետո այլ տարբերակ չի մնում : Այս տեսանկյունից նրա համար շանս է առաջանում ընդդիմադիր դաշտում իր նիշան գրավելու»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ առայժմ նա պետք է հստակ դիրքորոշում ընդունի:

Քաղտեխնոլոգի խոսքով, Փաշինյանի տված քաղաքական գնահատականը մարտահրավեր էր , քանի որ վարչապետը հանդես եկավ ոչ թե որպես արբիտր, այլ՝ կողմ եւ այս հանգամանքներում կրկին իրավիճակին հարմարվելու փորձը «Լուսավոր»-ի համար իմիջային կորուստ է լինելու:

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք ԼՀԿ-ն կկարողանա քաղաքական զարգացումներ գեներացնել, քաղտեխնոլոգն ասաց, որ առհասարակ՝ յուրաքանչյուր քաղաքական ելույթ նոր քաղաքական պրոցես է գեներացնում՝ սկսած Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի հայտարարություններից մինչեւ ԱԺ-ի միջադեպը: Այս ամենը ըստ քաղտեխնոլոգի, նյարդայնացնում է իշխանությանը , որը լուրջ ճնշում է զգում իր վրա թե՛ սոցիալ-տնտեսական , թե արտաքին քաղաքական:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ միայն ԼՀԿ-ի ռեսուրսը բավարար չէ իշխանափոխության լուրջ գործընթացի մասին խոսելու համար : Առայժմ ԼՀԿ-ի մեսիջն այն էր, որ իրենք պատրաստ են դիմակայության: «Այստեղ պետք է լինեն լուրջ քաղաքական կոնսոլիդացիաներ, որոնք պետք լինեն որոշակի քաղաքական պրոցեսների ֆոնին եւ որոնք կարո են էլ ավելի խորացնել իշխանության ներսում ճաքերը: Թե ինչպիսին կլինի ԼՀԿ-ի ասած դիմակայության ձեւը, դա միայն այն է, որ իրենք չեն գալու խորհրդարան, թե՞ մանդատներն են հանձնելու, թե փորձելու են համախմբվել արտախորհրդարանական ուժերի հետ եւ գուցե փողոցի գործոնը ուժեղացնել, քաղաքական մարտավարության հարց է, որն առայժմ չի երեւում: Առայժմ կա քաղաքական հայտարարություն, որ պատրաստ են դիմակայելու: ԼՀԿ-ի համար սա բավականին կոշտ հայտարարություն է»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել