Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նախաքննությունն իրականացվում է Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնից՝ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունից։ Ընդ որում՝ թեեւ անցել է շուրջ 8 ամիս, սակայն ինքնասպանության գործով հերքված վարկածներ չկան։

Հիշեցնենք, որ 2019թ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Վերջինս հայտնաբերվել է հրազենային վնասվածքով. նախնական տվյալներով` նա ինքնասպանություն է գործել: Սեպտեմբերի 24-ին Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Դեպքից շուրջ ութ ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի նախաքննությունը, մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում քանի վարկած է առաջ քաշվել, քանիսն են հերքվել, արդյո՞ք հիմնավորվել է ինքնասպանության վարկածը, եթե այո, ապա պարզվել է արդյոք պատճառը, թե ոչ, արդյո՞ք սույն գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվել է, թե ոչ, նշանակվե՞լ է դատահոգեբանական փորձաքննություն, եթե այո, ապա փորձաքննության եզրակացության համաձայն՝ ինչ հոգեվիճակում է եղել Հարությունյանը մահվանից առաջ։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ Հայկ Հարությունյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով որոշում է կայացվել հետմահու դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին։

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, իսկ հարցմամբ պահանջվող հարցադրումների վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվում, նկատի ունենալով, որ դրանք քննության ներկա փուլում հրապարակման ենթակա չեն»,- նշված է ՔԿ պատասխանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել