Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին ԱԺ-ում անդրադարձել է նաև հիմնականում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների՝ խոպանչիների սոցիալական շատ մեծ խնդրին, քանի որ վերջիններիս 90 տոկոսը կորոնավիրուսի պատճառով մնացել է Հայաստանում, իսկ մեկնածների մեծ մասն էլ այնտեղ անգործ է մնացել։

Անդրադառնալով այս թեմային` Փաշինյանը նշել էր, որ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական համակարգի ավելի քան 100 օբյեկտների հիմնանորոգման և կառուցման ծրագրերի մասին: «Մենք հույս ունենք, որ դրանով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնողներին: Եվ ոչ միայն այս տարի, այլև մյուս»,- հայտարարել էր վարչապետը։ Խոպանչիների խնդրի վերաբերյալ այսպիսի պատասխան կարող էր տալ միայն խնդրից անտեղյակ, դեմագոգ կամ ստախոս մեկը։

Մի քանի հարց վարչապետին։

Հետաքրքիր է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ավելի քան 100 օբյեկտներ հիմնանորոգելու կամ կառուցելու համար աշխատանքի տեղավորել ամեն տարի Ռուսաստան մեկնող մեր 200-250 հազար քաղաքացիներին։ Ընդհանրապես, իշխանությունները հաշվարկե՞լ են, թե որքան աշխատող է անհրաժեշտ այդ օբյեկտները վերանորոգելու կամ կառուցելու համար։ Համոզված եմ՝ շատ քիչ վերը նշված թվից։

Կամ իրեն ո՞վ է ասել, որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները միայն շինարարներ են։ Ամեն տարի ՌԴ խոպան են մեկնում տասնյակհազարավոր վարորդներ, խոհարարներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք առնչություն չունեն շինարարության հետ։ Իսկ նրանց աշխատանքի և ապրուստի մասին ո՞վ է մտածելու։ Թե՞ դա Հայաստանի իշխանություններին չի էլ հետաքրքրում։

Խոպանչիների հիմնական մասը ՌԴ մեկնում է մարտի սկզբից և վերադառնում դեկտեմբերին ու արդեն ապրիլից հիմնական մասն արդեն Հայաստան են ուղարկում տրանսֆերտներ։ Արդեն երկու ամսից ավելի է` այդ մարդիկ անգործ նստած են տանը, իսկ Փաշինյանի ազդարարած աշխատանքը սկսվելու է մեկ-երկու ամսից ոչ շուտ։ Ստացվում է՝ ևս երկու ամիս պետք է անգործ նստեն տանը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ մարդիկ և իրենց ընտանիքներն ապրելու այդ ամիսներին։ Էլ չեմ ասում ՌԴ-ի հետ համեմատ շատ ցածր աշխատավարձերի մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում կա մոտ 500 հազար աշխատատեղ, և այս ճգնաժամային ժամանակահատվածում սպասվում է գործազրկության աճ, զարմանալի է, թե ինչպես է Փաշինյանն աշխատանքի տեղավորելու 200-250 հազար անգործ մնացած խոպանչիներին։

Փաշինյանի` խոպանչիներին այդ պահին տրված, բայց չկատարված խոստումները, միևնույն է, շատ լուրջ խնդիր են իշխանությունների համար, քանի որ մարդիկ իրենց կենցաղի և ապրուստի վրա են զգալու գործազրկության հետևանքները՝ իրենց համար բացահայտելով, որ երկրի վարչապետը սովորական ստախոս է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել