Pastinfo.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմը հայտարարում է այն, ինչ ուզում է հայտարարել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Նշենք, որ Հիքմեթ Հաջիևը լրատվականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ բանակցությունների գործընթացը հիմնված է փուլային տարբերակի վրա և դա բոլորը գիտեն։

Տարոն Հովհաննիսյանի խոսքով ամենևին չի նշանակում, որ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները պետք է իրականությանը համապատասխանեն, հակառակը՝ փորձագետի կարծիքով դրանք 90 տոկոսով ընդամենը քարոզչական ուղերձներ են, որոնք դաշտ են նետվում. «Հիքմեթ Հաջիևը կամ Ադրբեջանի ցանկացած պաշտոնյա, ցանկացած ներկայացուցիչ մեզ համար այն անձը չէ, որը կարող է վստահելի աղբյուր լինել բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով։ Դա ադրբեջանական կողմի քարոզչությունն է։ Առհասարակ այս հակամարտության լուծման գործընթացում կողմերը փորձում են ցույց տալ, թե ով է ավելի կառուցողական մյուս կողմին ապակառուցողականության մեջ մեղադրել»,-ասաց փորձագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությանը՝ Տարոն Հովհաննիսյանը նկատեց, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմին բավականին անհանգստացրել էր նաև ՀՀ արտգործնախարարի հայտարարությունները և հիմնականում դրանց ի պատասխան են ադրբեջանական կողմից հնչում այս հայտարարությունները։ Բացի այդ Տարոն Հովհաննիսյանի խոսքով վերջին շրջանում Ադրբեջանի երկու գերատեսչությունների միջև որոշակի լարվածություն կա. «Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերություններով զբաղվող թևի և արտգործնախարարության միջև որոշակի լարվածություն կա։ Յուրաքանչյուրը փորձում է ավելի կտրուկ հայտարարությամբ հանդես գալ։ Սակայն օգնականի կամ արտգործնախարարի խոսնակի ցանկացած հայտարարություն բանակցությունների բովանդակության վերաբերյալ չի նշանակում, որ իրականությունն է արտացոլում։ Դա կարող է արտացոլել առավելագույնը նրանց ցանկությունները կամ բանակցային գործընթացի վերաբերյալ նրանց ընկալումները»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով ադրբեջանական կողմին թերևս ոգևորել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը. «Համենայն դեպս դատելով ՀՀ արտգործնախարարի հայտարարությունից՝ մասնավորապես վերջին հայտարարությունից, հայկական կողմը նշված տարբերակը չի դիտարկում, իսկ եթե Երևանը և Ստեփանակերտը չեն դիտարկում, ապա ցանկացած տարբերակ չի կարող դիտարկվել։ Այսինքն` միակողմանի դիտարկումներ չեն կարող լինել։ Ինչ վերաբերում է փուլայինին և փաթեթայինին, ապա դրանց շուրջ բավականին շատ մանիպուլյացիաներ կան, որովհետև փաթեթային ամենևին չի նշանակում լավը և փուլային՝ վատը։ Այսինքն այս մակդիրներով չենք կարող բնորոշել լուծման տարբերակները։ Դրանք մոտեցումներ են։ Տեսականորեն փաթեթային նշանակում է այն տարբերակները, որտեղ ամեն բան հստակեցվում է, իսկ հետո փուլ առ փուլ սկսվում է կատարվել, իսկ փուլայինն այն է, երբ մի քայլը հստակեցվում է, հետո կատարվում է։ Ըստ էության` փուլայինի և փաթեթայինի տարբերությունն ընդամենը հստակեցման մակարդակում է»,-ասաց փորձագետը։

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանի որևէ ղեկավարություն անկախ իր ունեցած մանդատից չի կարող գնալ ու ստորագրել մի փաստաթուղթ, որը մեզ համար վտանգավոր զարգացումներ է ենթադրում։ Փորձագետը գտնում է, որ միշտ էլ տարբեր տարբերակներ կարող են առաջարկվել, քննարկվել և այստեղ ամենևին կարևորը դրանց անունը չէ. «Կարևորն այն է, որ այդ ամեն ինչը համարժեք լինի։ Այսինքն` չի կարող լինել օրինակ զիջում, ինչ-որ տարածքի նկատմամբ վերահսկողության տեսքով՝ ԼՂ-ի միջանկյալ ստատուսի դիմաց։ Դա համարժեք փոխզիջում չէ։ Տեսականորեն համարժեք փոխզիջում կարող է լինել ԼՂ անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից»,-հավելեց Տարոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս թեմաների շուրջ բավական մեծ մասը մեդիամանիպուլյացիա է, քան իրական բովանդակային քննարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել