Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու արդեն իսկ շնորհած իրավունքից:

Պատճառը` Հայաստանը՝ որպես շահագործողի երկիր, ի վիճակի չէ վերահսկելու օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրման և թռիչքաին անվտանգության գործընթացները՝ համաձայն միջազգային նորմերի: Գործակալությունը որոշումը կայացրել է այս տարվա փետրվարի 4-7ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում անցկացրած աուդիտի արդյունքներով:

Եվ քանի դեռ ՀՀ ՔԱԿ-ը ուրախանում էր, որ իրենք վերջապես իմացան, թե ինչ բացթողումներ ունեն, EASA-ն զրկեց ավիաընկերություններին թռիչքների իրավունքից, իսկ ՔԱԿ-ին Եվրամիության ամոթալի «սև ցուցակ»-ում ներառելու գործընթացը փոխանցեց Եվրահանձնաժողով: Պետական մարմնի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշումը կայացնում է եվրոպական մարմինը:

Մի խումբ երիտասարդ օդաչուների և ավիացիայի փորձառու մասնագետների հետ դեռևս նախորդ տարվա վերջին մշակել ենք մոտալուտ ճգնաժամից դուրս գալու ծրագրեր և առաջարկել ենք և՛ ՔԱԿ, և՛ ՀՀ կառավարությանը:
ՔԱԿ-ը, երևի ինչ-որ հրաշքի սպասելով, համառորեն համարյա ոչինչ չէր անում: Համարյա, որովհետև Հոլանդիայից հրավիրած մի հոգին ի վիճակի չէր շտկելու դրությունը: Դա թիմային աշխատանքի պահանջ է:

Փաստորեն, ՀՀ ՔԱԿ-ը, դեռևս 2019 թ․ հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամի մասին, մի քանի ամիս` մինչև փետրվարի սկիզբ, զբաղված է եղել դեկորատիվ, իրավիճակին ոչ համարժեք գործողություններով աուդիտին «նախապատրաստվելով»: Իսկ իրականում` նպատակաուղղված անգործությամբ, ինչի առաջին արդյունքերն արդեն 2 ավիաընկերություն իրենց վրա զգում են: Իսկ մայիսի 12-14-ը Եվրահանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ:

Մնում է հուսալ, որ ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձրել իմ հորդորներին և իր անունից, (ՔԱԿ-ն արդեն անզոր է) որոշման կայացման հետաձգման խնդրանքով դիմել է Եվրահանձնաժողով:
Եվ ԵՀ-ն կանսա խնդրանքին:

Իսկ այդ ընթացքում` մինչ հաջորդ ժամկետը, կառավարությունը խոհեմություն կունենա հրատապ քայլեր ձեռնարկելու և խուսափելու այդ ստորացուցիչ ցուցակին «անդամագրվելուց»:

Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա ավիացիոն իշխանություններին Եվրամիության «սև ցուցակ» գցելը:

Նախ` դա ապտակ է պետությանը: Սա՝ բարոյական կողմը:

Հետո` հայկական ավիաընկերությունները ստիպված են լինելու արտահերթ աուդիտ անցնել: Դա բավականին ծախսատար է: Եվ այդ աուդիտն անհամեմատ ավելի բարդ է լինելու, քանի որ նրանք, բացի իրենց գործառույթներից, պետք է ապացուցեն նաև, որ միջազգային պահանջներին չհամապատասխանող ավիացիոն իշխանությունների անպիտանության պարագայում անգամ ի վիճակի են ինքնուրույն կատարելու պետական մարմնի ֆունկցիաներն իրենց ավիաընկերության աշխատանքների կազմակերպման բնագավառում:

Սա լավագույն տարբերակն է:

Կա նաև այլ տարբերակ։

Ավիաընկերությունները բարդութններից խուսափելու համար չեն գնա այդ ճանապարհով, այլ ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը հայկական դրոշի ներքո:

Այդ դեպքում հայկական ավիաշուկայի մոտ 70%-ը գրաված ռուսական ընկերություններն առանց հապաղելու կավելացնեն շուկայում իրենց մասնաբաժինը և «օգնության ձեռք կմեկնեն» եղբայրական հայ ժողովրդին` կսկսեն թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով: Այդպիսի միջազգային կարգավորում էլ կա (Օդի 5-րդ ազատություն + Չիկագոյի կոնվենցիայի 83bis հոդված):

Եթե առ այսօր դեռ ինչ-որ դիմադրություն կար գոնե փոքրիկ հայկական ավիաընկերությունների կողմից, ապա այսուհետ հայկական ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա մեր ԵԱՏՄ «գործընկերոջ» սեփականությունը:

Ընդ որում, նույն սպասարկման արժեքների տրամադրմամբ, ինչպիսիք սկուտեղի վրա մատուցվեցին «խնամոնց»` օտարերկրյա լոուքոստերներին:

Արդյունքում Հայաստանը, բացի իր ինքնիշխանության կարևոր գործիքից, ինչպիսիք սեփական երկրի ավիափոխադրողներն են, կկորցնի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար միայն մոտակա 3 տարվա տուրքերը չհավաքագրելով, ինչպես նաև Boeing և Airbus ընկերությունների հետ առանձին-առանձին ունեցած քննարկումների արդյունքում ստացված միևնույն` հայկական ավիափոխադրողներին անհրաժեշտ 12-15 օդանավի շահագործման չիրականանալու ծրագրից, ինչի պատճառով Հայաստանը կզրկվի մոտ 1200 աշխատատեղերից միայն ավիաընկերություններում: Եվ ևս 2-3 անգամ ավելի՝ հարակից ոլորտներում, գումարած չհավաքագրած հարկերն ու տուրքերը, ինչպես նաև ծառայություննր արտահանելով արտարժույթի ներհոսքի փոխարեն ստանալով հակառակը` ծառայություններ ներմուծելով արտարժույթի արտահոսքը, ինչը տնտեսական էֆեկտը կդարձնի արդեն 2 անգամ ավելի զգալի:

Բա վնասարարությունը պոզով-պոչո՞վ ա լինում։

Դե, հայտնի բան է` ռուսը որ չլինի, մեզ կուտեն։

Հ․Գ․ Բոլոր հարցերին կանդրադառնամ քոմենթներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել