Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության վերաբերյալ հրապարակումների հիման վրա քրեական ոստիկանությունում շարունակվում են նյութեր նախապատրաստվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստն արդեն 1,5 ամիս է, ինչ տեղի չի ունենում այն դեպքում, երբ ներկայացված է խափանման միջոցի վերաբերյալ արդեն 2 միջնորդություն:

Առաջին միջնորդությունը ներկայացվել է մարտի 16-ին, քանի որ դատավորի աշխատակազմից հավաստիացրել էին, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը տեղի է ունենալու, սակայն նիստի օրը հայտնի դարձավ, որ այն հետաձգվել է դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ։ Փաստաբանների բազմաթիվ ահազանգերին ի պատասխան, ի վերջո, դատավորի աշխատակազմից հայտարարեցին, թե ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ մարտի 13-ից ։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը, ուստիեւ նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է ու երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը չի քննարկվում։

Այս տեղեկատվությունը հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ արձագանք է գտել ու գնահատվել որպես հեգնանք արդարադատության նկատմամբ։
Պաշտոնական որեւէ մարմին տեղեկատվությունը չի հերքել։ Փոխարենը ապրիլի 14-ին ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։ Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման համար սահմանում է 10-օրյա ժամկետ եւ «Փաստինֆո»-ն օրեր շարունակ ոստիկանությունից ու դատախազությունից փորձում էր ճշտել ընթացքը, թե նյութերի նախապատրաստման արդյունքում, ի վերջո, ինչ որոշվեց։ Տեղեկատվության տրամադրման պարտականությունը դատախազությունն ու ոստիկանությունը դնում էին մեկը մյուսի վրա եւ միայն այսօր ոստիկանությունից հայտնեցին, որ նյութերի նախապատրաստումը դեռ շարունակվում է. Այսինքն՝ հետաքննական մարմինը դեռ չի կողմնորոշվել ու ոչ էլ հսկողություն իրականացնող դատախազն է կարողացել որոշել նյութերի հետագա ընթացքը. ոչ հարուցելու ու ոչ էլ հարուցումը մերժելու մասին որոշումներ չեն կայացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել