Մի քանի ամիս առաջ ես էի մեղադրում այն մարդկանց, ովքեր գնում են այստեղից, բայց հիմա ինքս եմ փափագում գնալու մասին: Ինձ թվում է` ևս մի քանի տարի, ու Հայաստանը կդադարի շնչել: Շատ դժվար է, շատ: Ես երբեք չէի մտածի, որ մի օր երկրիս վիճակի համար այսքան վատ զգացողություններ եմ ունենալու:
Երբ փոքր էի, մտածում էի, որ մեծանամ, այնպիսի մասնագիտություն եմ ընտրելու, որ կարողանամ մի բան փոխել Հայաստանում, հավատում էի, որ կարող եմ մի բան անել: Հիմա երազածս մասնագիտությունն եմ ընտրել, ԵՊՀ-ում եմ սովորում, փորձում եմ ձայնս հասանելի դարձնել, բայց լսող չկա. լսող չկա, որովհետև ով որ պետք է լսի, դա իրեն վնաս է ու ձեռք չի տալիս: Առաջ հպարտությամբ էի ասում, որ Պետական համալսարանում եմ սովորում. շատ էի սիրում այդ հաստատությունը, իսկ հիմա զգում եմ, որ հազիվ եմ դասի գնալու, մի կերպ եմ այդ շենքը մտնելու, որովհետև ամեն անգամ հիշելու եմ, թե քանի ուսանող, արժանի լինելով, չի կարող սովորել ԵՊՀ-ում` վարձերի թանկացման պատճառով: Ոչ միայն վարձերի, այլ նաև տրանսպորտի թանկացման: Գուցե օրվա կտրվածքով 50 դրամը ոչինչ ա, բայց ամսական կտրվածքով այսօրվա հայի համար ահագին մեծ բան ա, նամանավանդ մարզերից եկող ուսանողների և աշխատողների համար:
Ես ուզում եմ, որ շուտ գա այն օրը, երբ կգնամ այստեղից: Չեմ ուզում վերջնականապես հիասթափվել ու զզվել այս երկրից:
Ինչի՞ աշխատանքով չեք ապահովում շրջանավարտներին. այնպիսի աշխատանքով, որ կես դրույքով լինի և հնարավորություն տա նրանց, որ կարողանան իրենց վարձերի հարցում օգնեն իրենց ծնողներին:
Ես չեմ հասկանում, հարգելի պատգամավորներ, օլիգարխներ, չինովնիկներ ու պաշտոնյաներ, որ էս որոշումները կայացնում եք, ի՞նչ եք մտածում: Մի օր էլ անգամ չէիք հարմարվի ու չէիք դիմանա, եթե հասարակ քաղաքացու փոխարեն լինեիք ու ձեզ հետ նման ձև վարվեին, ինչպես դուք եք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել