«Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» ֆիլմերի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի հիշատակին
Ապրիլի 14-ին Ամերիկայում մահացավ ազգությամբ չեխ ռեժիսոր Միլոշ Ֆորմանը, ով վերջին 50 տարին աշխատում էր ԱՄՆ-ում: Քեն Քիզիի համանուն «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն էկրանավորման, «Ամադեուս» և «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի» ու շատ այլ ֆիլմերի հեղինակ Ֆորմանը հաջողություն ուներ թե՛ հանդիսատեսի, թե՛ գործընկերների ու կինոքննադատների շրջանում: Նա 2 անգամ «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն ֆիլմի համար ու եղել է բացառապես բոլոր եվրոպական կարևորագույն կինոփառատոների դափնեկիր:
Միլոշ Ֆորմանը երկար կյանք է ապրել, որում հաղթանակներն ավելի շատ են եղել, քան պարտությունները: Արևելյան Եվրոպան ներկայացնող էլ ո՞ր ռեժիսորը կարող էր պարծենալ լավագույն ֆիլմի համար ստացած «Օսկարի» երկու մրցանակներով` 1976թ. «Թռիչք կկվի բնի վրայով» և 1985թ. «Ամադեուս» ֆիլմերի համար: Էլ չենք խոսում այնպիսի մանրուքների մասին, ինչպիսիք են Լոկառնոյի և Կաննի Գրան-պրիները և Բեռլինի «Ոսկե արջը»:
Նա նաև վայելում էր կինոսեր հասարակության սերը: Հարազատ Չեխիայում նրա ֆիլմերի շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել, իսկ նրա ամերիկյան ֆիլմերի կերպարներն ակնթարթորեն ճանաչելի են մինչ այժմ:
Այնուամենայնիվ, թերագնահատվածության զգացում նույնպես կա: Ֆորմանն ընդամենը 12 լիամետրաժ ֆիլմ նկարեց իր կյանքի 86 տարիների ընթացքում, ինչը համեմատության մեջ քիչ է: Նրա շատ գործեր ժամանակին չգնահատվեցին, անխնա քննադատվեցին, բախվեցին գրախոսությանը՝ ինչպես Չեխոսլովակիայում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում: Նրա չավարտված նախագծերի թիվը նույնպես մեծ է:
Ամենավիրավորականը, սակայն, այն էր, որ հանդիսատեսի 90%-ը նրան ասոցիացնում է միայն «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմով, որը մինչ այժմ դաժանաբար ու անարդարացիորեն քննադատվում է՝ որպես մեծ վեպի պարզեցված ու պոպուլիստական էկրանիզացիա: Դա իրականում անհավանական ֆիլմ է, որի յուրաքանչյուր կադրը դիտելիս լիցքավորվում ես ինչ-որ յուրահատուկ էներգետիկայով:
Ջեք Նիկոլսոնի ու Լուիզա Ֆլեթչերի հզորագույն դերասանական խաղը, որը հավանաբար երկուսի մոտ էլ իրենց կերտած դերերից լավագույններն էին, և կինոաշխարհում մի շարք դերասանների` Բրեդ Դուրիֆի, Քրիսթոֆեր ԼԼոյդի, Դեննի դե Վիտոյի առաջին վառ դրսևորումները, առանց ռեալիզմից հետ կանգնելու` սարսափելի հակաուտոպիայի մթնոլորտը` Ջեկ Նիցշեի կլաուստրաֆոբիական երաժշտությամբ ուղեկցված, ֆիլմն իսկապես անկրկնելի դարձրին:
Այս ֆիլմը միայնակ համառ մեկի` ռեպրեսիվ համակարգի դեմ հակադրվելու անթերի մոդել է, նույն այն համակարգի, որն ինքնակամ ընդունվել է ռեպրեսիաների ենթարկված շատերի կողմից:
Եվ, իհարկե, ֆիլմը գրավիչ է դարձնում 60-ական թթ. պատրանքի ոգին, որոնք էլ հենց ավելի վաղ դարձան Ֆորմանի ֆենոմենալ կինեմատոգրաֆի ստեղծման պատճառը, և որոնց ոչնչացումն էլ նրան ստիպեց լքել հայրենիքն ու մեկնել ԱՄՆ:
Իհարկե, չէին լինի «Թռիչք կկվի բնի վրայով» և «Ամադեուս» ֆիլմերը, եթե չլիներ նրա կինոարվեստի ցնցող չեխոսլովակյան շրջանը, երբ նա 1960-ականներին նկարեց 4 ֆիլմ: Կինոյի ոլորտում նա ավելի քիչ բան չարեց, քան Միլան Կունդերան՝ չեխական գրականության համար: Ֆորմանը և եղավ ֆրանսիական գարնան մարմնացումը, չնայած 1968 թ. նա արդեն իսկ գտնվում էր Արևմտյան Եվրոպայում ու Պրագա չվերադարձավ:
Հետո եկավ էմիգրացիան, և միանգամից հանդիսատեսի դատին ներկայացվեց արտակարգ «Հատում»-ը, որն ամերիկյան հասարակությանը չափազանց ազատամիտ թվաց: Ո՞վ է այս չեխը, որ մեր մասին այդպես դատի: Զարմանալի է, որ այս պայմաններում սկսնակ պրոդյուսեր Մայքլ Դուգլասը Քեն Քիզիի աղմկահարույց, հակամշակութային բեսթսելլերի էկրանավորումը վստահեց հենց Միլոշ Ֆորմանին: Ընտրությունը նշանառուի ճշգրոտությամբ դիպուկ էր ու ճիշտ: Հենց այս ռեժիսորը կարողացավ գտնել բացառիկ տեքստի կինեմատոգրաֆիական համարժեքը և Քիզիի ֆանտասմագորիան փոխարինել էկրանային կերպարների հեգնական պարզությամբ:
Այսպես ծնվեց «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը: Նյութն օտար էր, սակայն Ֆորմանի ֆիլմերն իմացողների համար այն ինքնակենսագրական թվաց: Ջեք Նիկոլսոնի կերտած Մաքմերֆիի կերպարը ոչ գաղափարախոս էր, ոչ էլ ապստամբ: Նա պարզապես մանր ռեցիդիվիստ էր, ով պատահաբար հայտնվել էր հոգեբուժարանում ու հրաժարվում էր հաշտվել նրա կանոնների հետ: Միևնույն ժամանակ՝ նա տիտան էր, ով ունակ էր անհնարինն անել` գտնել հենման կետ ու շրջել աշխարհը` պատուհանի մեջ ճաղավանդակ սարքելով:
«Ես գոնե փորձեցի». գլխավոր հերոսին բնութագրող այս նախադասությունը նաև Ֆորմանի մասին է:
Նրա ֆիլմերն ու նրա հերոսները շատ տարբեր են: Նրանք մի ընդհանուր գիծ ունեն, որը հենց Ֆորմանի ողջ արվեստի լեյտմոտիվն էր: Նրանք բոլորը տենչում են ու երբեմն իրենց սեփական կյանքի գնով հասնում մի բանի` ազատության: Ֆորմանի համար դա աբստրակտ դոգմա չէր, խորհրդանիշ կամ կարգախոս, այլ մարդու գործողությունների կոնկրետ ընտրություն, ով իր առջև հստակ նպատակ էր տեսնում ու դրա համար պատրաստ էր զանազան զոհողությունների: Խոսքը կարող է գնալ ծնողներին չլսելու իրավունքի կամ իշխանություններին չենթարկվելու, երկար մազեր ունենալու, արգելված երաժշտություն գրելու, նկարներ նկարելու, ռիսկային թեմաների շուրջ կատակելու, պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու, Աստծուն չհավատալու ու շատ այլ բաների մասին, ինչը ենթադրվում է ազատություն հասկացության տակ:
Դրա մասին են ազատամիտ «Մազեր» ռոք-օպերան, հակառասիստական «Ռեգթայմը», իրավապաշտպան «Ժողովուրդն ընդդեմ Լարրի Ֆլինտի» 3 ֆիլմերը, որոնցում Ֆորմանը պատմում է ամերիկյան պատմության սեփական տարբերակը: Դրա մասին են սրտաճմլիկ «Ամադեուսը», նրբաճաշակ «Վալմոնը» և դաժան «Գոյայի ուրվականները»` ևս մեկ եռերգություն, որը նվիրված էր պատրանքներին ու եվրոպական Լուսավորության հաղթանակին:
Այս ֆիլմերից յուրաքանչյուրում մարդկությունը նման էր վիճակախաղ ու գեղեցկության մրցույթ կազմակերպել որոշող հրշեջ խմբի` այդ արանքում չնկատելով, որ հրդեհ է սկսվել, իսկ միայնակ հերոսը` Ռենդել Մաքմերֆիին, ով հակառակ ամեն ինչի՝ հույս ունի խաբել իրականությունը ու հաղթել անհուսալի բասկետբոլային խաղը: