Կորոնավիրուսի դեմ պայքարում պետությունը, իշխանությունը միայնակ չեն կարող արդյունավետ պայքարել, եթե քաղաքացիները դրան չեն մասնակցում կամ չեն համագործակցում: ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ցուցարարները բացահայտ դուրս են եկել իշխանության դեմ և պահանջում են կարանտինը հեռացնել և բացել տնտեսությունը: Շատ դեպքերում մարդիկ դուրս են գալիս ցույցերի ոչ թե պլակատներով, այլ զենքերով: Եթե ժողովուրդը չի ենթարկվում, իշխանությունը չի կարող նույնիսկ ոստիկանության միջոցով մարդկանց պահել իրենց տներում: Դա կլինի ոչ թե ժողովրդավարություն, այլ բռնակալություն, որքանով էլ որ տանը մնալը ողջամիտ լուծում է տվյալ պահին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ուրեմն, ե՞րբ պետք է տնտեսությունը բացվի, դրա պատասխանը իսկապես ոչ մի երկիր դեռ չունի: Նույնիսկ Չինաստանում դեռ պարզ չէ, թե արդյո՞ք անվտանգ է վիրուսի նախկին էպիկենտրոնում ամեն ինչ բացել: Յուրաքանչյուր օր, քանի դեռ կարանտինն ուժի մեջ է, տնտեսությունը թուլանում է, գործազուրկների թիվը՝ աճում, և մարդկանց խնայողությունները՝ սպառվում: Իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դեռևս տեսանելի ապագայում չի նշմարվում:

Քանի դեռ վիրուսի դեմ պատվաստում չի հայտնաբերվել, տնտեսության նույնիսկ մասնակի բացումը կարող է նոր բռնկումներ առաջացնել: Այդ հարցում շատ բան կախված է քաղաքացիների վարքից: Իսկ անպատասխանատու քաղաքացիներ, ցավոք սրտի, շատ են, որոնք թե՛ գիտակցաբար և թե՛ անգիտակից տարածում են վարակը ուրիշներին, եթե նույնիսկ իրենք դրա մասին տեղյակ չեն:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության որոշմանը՝ վաղվանից ավելի բացել տնտեսությունը, դա, միանշանակ, ուղղված է տնտեսությունը լիակատար փլուզումից փրկելուն: Որպես այդպիսին՝ իշխանության քայլը ողջունելի է: Ժողովրդի մեծամասնությունն անհամբեր սպասում է կարանտինի վերացմանը, որպեսզի վերադառնա աշխատանքի և դուրս գա «տնային կալանքից»: Սակայն այստեղ իշխանության զգուշավորությունը շատ կարևոր է, և կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ իրենց իսկ անփութության պատճառով կարանտինը կարող է վերադառնալ նույնիսկ ավելի խիստ սահմանափակումներով և ավելի երկարատև:

Եթե սկսվեն նոր բռնկումներ, իշխանությունը պետք է արագ և վճռականորեն վերականգնի կարանտինը, հակառակ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ոչ տնտեսությունն է փրկվում փլուզումից, ոչ էլ համաճարակն է զսպվում: Իսկ դրանից խուսափելու համար իշխանությունը պետք է իր վճռական և հավասարակշռված դերը խաղա, իսկ յուրաքանչյուր անհատ պատասխանատու լինի ու իր դերը խաղա: Տա Աստված` արդյունքները լավ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել