Տարիներ շարունակ ընդդիմադիր լրագրողի, իսկ այնուհետև ընդդիմադիր պատգամավորի դերում Նիկոլ Փաշինյանը աղմկում էր, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանում գործում է խոշոր կոռուպցիոն համակարգ, որ իշխանությունը գործարարների և ներդրողների հետ <<փայ>> է մտնում և այլն: Նա ԱԺ ամբիոնից պարբերաբար հեգնում էր, որ իշխանավորները ընտանիք են պահում, բաշարում են, շատ լավ են պահում, տեսակ-տեսակ բիզնեսներ ունեն, մինչդեռ <<պապիկ-տատիկները հացին կակա են ասում>>: Հենց կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո Փաշինյանն ու իր թիմը եկան իշխանության՝ որպես արդարության ջահակիրներ:

Բայց ի՞ նչ ստացվեց նրանց գալուց հետո:
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեսանյութում հնչեց հստակ տեղեկություն, հստակ մեղադրանք առ այն, որ Փաշինյանը վարչապետի աթոռին հարմար տեղավորվելու հենց առաջին օրերին, առանց ժամանակ կորցնելու, Մինասյանի մոտ է ուղարկել ԱԱԾ այն ժամանակվա պետ Արթուր Վանեցյանին և պայման առաջարկել, համաձայն որի ինչ-որ իքս հիմնադրամի որոշակի գումար մուծելուց հետո Մինասյանը կարող է հանգիստ ապրել, միայն թե առանց Հայաստան վերադառնալու:

Այն բանից հետո, երբ Մինասյանը մերժել է առաջարկը, իր դեմ իշխանությունը սկսել է լայնածավալ ստուգումներ՝ ամեն գնով հանցակազմ գտնելու նպատակով:
Օդում կախված լուրերի համաձայն, փաշինյանական ներկայացուցիչները նմանատիպ գործարք էին առաջարկել նաև մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և կախված արդյունքներից որոշել՝ արժե՞ արդյոք նրանց ենթարկել քրեական հետապնդման, թե՞ ոչ:

Կոռուպցիայի մասին՝ եթերում և հանրահավաքներում կուրծք ծեծող վարչապետը, փաստորեն զարկ տվեց պետական ռեկետին:
<<Կամ մուծվում ես, կամ քեզ բանտարկել կտամ>> կարգախոսը որդեգրած՝ նա ամենաիսկական կոռուպցիոն սխեմա ստեղծեց Հայաստանում, որի նախադեպը երբեք չէր եղել: Նրան զուգահեռ բարեգործության անվան տակ ակտիվ դրամահավաքություն ծավալեց կինը՝ Աննա Հակոբյանը, ով առանց սեթևեթանքի հայտարարեց, թե <<ես ամեն անգամ չեմ ասելու, բերեք – ինքնակամ վճարեք ինձ>>:
Մինասյանի հայտարարությունից անցել է արդեն մի քանի ժամ: Արդյո՞ք քննչական ծառայությունը հետաքրքրվել է նրա տված տեղեկությամբ, չէ՞ որ դա ուղիղ հաղորդում է հանցագործության մասին: Քննչական ծառայությունը՝ վերևների դրդմամբ, մեկ անգամ չէ, որ նախկին պաշտոնյաներին, անգամ նրանց կանանց եւ աղջիկ երեխաներին են կանչում հարցաքննության, փորփրում, փորձում գործեր կարել: Իսկ այստեղ կոնկրետ հանցակազմ կա, կաշառք տալու-վերցնելու առաջարկի մասին տեղեկություն:

Արդար ու ազնիվ վարչապետը կգնար դրա հետքերով և պատասխանատվության կենթարկեր Արթուր Վանեցյանին, ով նման զրույց էր վարել Մինասյանի հետ: Իսկ եթե մենք չունենք ազնիվ ու արդար վարչապետ, այլ փոխարենը ունենք քաղաքական <<բազարների>> մեջ մտած անձ, ով չարաշահում է իր դիրքը, ԱԱԾ պետի միջոցով փորձում հարցեր լուծել, հանցավոր համաձայնության գալ, ուրեմն ինչ խոսք՝ երկու տարի առաջ սխալ ընտրության պատճառով երկրի ղեկը հանձնվել է կենցաղային մակարդակ ունեցող ժուլիկների խունտայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել