ՌԴ ժողովրդական ու էստրադային երգչուհի Նադեժդա Բաբկինան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երգչուհու ինսթագրամյան հրապարակմանը:
«Այժմ, արդեն գտնվելով տանը՝ հիվանդասենյակի փոխարեն հարազատ պատերի տակ, ես ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և, իհարկե, Մոսկվայի «Ռուսական երգ» պետական թատրոնի անձնակազմին իրենց սիրո և հոգատարության համար, որոնք ես զգացել և զգում եմ յուրաքանչյուր օր»,- գրել է Բաբկինան:
Նա ընդգծել է, որ «ժամանակին ցուցաբերված օգնության, գրագետ բուժման և բժիշկների բարձր պրոֆեսիոնալության շնորհիվ» իրեն հաջողվել է «ծանր հիվանդությունից հետո ամբողջությամբ վերականգնվել»: Երգչուհին շնորհակալություն է հայտնել միջին և ցածր բուժանձնակազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, Առողջապահության մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունին և իր բոլոր երկրպագուներին:
Հոսպիտալացումից հետո 70-ամյա Բաբկինան կորոնավիրուսի առկայության թեստ էր հանձնել, սակայն, ըստ լրատվամիջոցի, թեստի պատասխանը բացասական է եղել: