Համակարգչիս էկրանից նայում է մի կնոջ նկար:
Ավելի ճիշտ, ֆոտոշոպով դեմքը ջնջած մազեր են ու գեղեցիկ երկար պարանոց:
Նկարի կինը շատ գեղեցիկ է ինձ նայելու համար, դրա համար էլ ջնջել եմ դեմքը:
Համակարգչից լսվում է «Տանգոն մենակ չեն պարում» երգը՝ Լիլիթ Կարապետյանի կատարմամբ:
Աշխատասենյակը նախատեսված է չորս հոգու համար՝ դրված է չորս սեղան, որոնցից երեքը զբաղված են:
Երկու սեղանների մոտ նստած են հիսնամյա Սվետան ու երեսունհինգամյա Անահիտը:
Երրորդ սեղանն իմն է:
Ես Հովիկն եմ, արդեն քառասուն տարի ու միայնակ:
Զզվելի բառ է – միայնակ:
Հոգնել եմ անընդհատ լսելուց այդ երկու չաչանակների կենցաղային՝ կարծես թե ցածր զրույցները:
Այսօր էլ բացառություն չէ:

- Լսո՞ւմ ես, Սվետ, առավոտյան զանգում է իմը ու ի՞նչ հարցնի, որ լավ լինի, ասում է` ձուն ո՞նց են խաշում, լսե՞լ ես նման բան:
- Դրանք բոլորն էլ նույնն են, Ան ջան, ձեռքներից ոչինչ չի գալիս, մենակ թե խոսեն ու գլուխ գովեն:
- Դու մինչև վերջ լսիր: Ուրեմն ջուրը եռացրել է, հետո երկու ձու ջարդել ջրի մեջ:
Ցանցավոր գդալով վերջում հանել է այդ եփված մասսան ու կերել: Դու լսե՞լ ես այդպիսի բան: Ֆանտազիային չափ չկա:
Ծիծաղում է բարձր, գոհ է ամուսնուց:

Համակարգիչս շարունակում է.
…Անքուն գիշեր է,
Ցավում է հոգիս,
Վերջին տանգոն եմ
Հիշում ես նորից…

Սվետան ցածր ձայնով, որ իբր ես չլսեմ, շարունակում է զրույցը:
- Բա ի՞մը, Ան, ֆանտազիային չափ չկա, արդեն վաթսուն տարեկան է, բայց այնպիսի բաներ է անում քնելուց առաջ, որ մազերդ բիզ-բիզ կկանգնեն: Ամեն անգամ էլ զգուշացնում եմ, որ հեռու մնա շուրթերիցս, գիշերները ատամներս հանում եմ, էլի իրա էշն է քշում, բա մի անգամ էլ…

Ես պատմելու ոչինչ չունեմ:
Ես ունեմ միայն երազներ:
…Իսկ ես հիմա կգնամ տուն, կբացեմ դուռն ու կբղավեմ հինգամյա որդուս:
- Արտա՛կ (հորս անունն է), եկա՛, իրար հետ ենք չէ՞ ճաշելու:
Սրբիչով ձեռքերը մաքրելով ընդառաջ կգա կինս (անունը կապ չունի), գեղեցիկ դեմքով, խնամված մազերով ու կզգուշացնի, որ Արտակը դեռ չի արթնացել, հազիվ է քնեցրել նրան:
- Ճաշը տաք է, լվացվիր ու անմիջապես ճաշենք:
Ճաշից հետո, հաշվի չառնելով հոգնածությունս, տղայիս կտանեմ բակ՝ երկակնանի հեծանիվ քշել սովորեցնելու, կամ ֆուտբոլի գնդակը ճիշտ հարվածելու, կամ կտանեմ այգի` կարուսել նստելու ու իրոք հաճելի հոգնած վերջում կփռվեմ կնոջս կողքը՝ թարմ, սպիտակ ու հոտավետ սավանի վրա:
Ես չեմ հոգնի, երբեք, ես կսիրեմ նրան, ինչպես որ ցանկանա:
- Դու գիժ ես,- գրկելով ինձ այնպես, որ շունչս կտրվի, կասի նա:
Կշրջվի դեպի ինձ ու ականջը կհպի շուրթերիս:
Երեսիս կզգամ նրա արևի ճառագայթների նման շոյող մազերը:
Կցանկանամ բռնել նրա շունչը, շնչել նրա հետ համահունչ, բայց ամեն անգամ իմ փորձերը կավարտվեն անհաջողությամբ:

Համակարգիչս շարունակում է.
Տանգոն մենակ չեն պարում…

- Դու գիժ ես,- գլուխը կթաղի կրծքիս, ու զուսպ ծիծաղը կլցվի մեջ ինչպես մի կենսատու հյութ, որից անպայման երիտասարդանում են:
- Ճիշտ է, գիժ եմ, որովհետև երջանիկ եմ, որովհետև ունեմ քեզ, ունեմ որդի, ունեմ այն ամենը, ինչ երազել եմ…

Համակարգիչս շարունակում է.
Այրող հուշերս
Տանջում են անվերջ,
Կարծես հոգնել եմ,
Կյանքի այս խաղից

- Հո՛վ, չի կարելի լինել Աստված, եթե դու ընդամենը մարդ ես…մարդ մնա, ես քեզ հենց այդպիսին եմ սիրում:

Բայց այս բոլորը ընդամենը վառ երևակայության արդյունք են:
Ես չունեմ ոչինչ, բայց և ունեմ:
Հիմա ո՞վ է ֆանտազիաներով հարուստ, ե՞ս, թե՞ Սվետայի կամ Անահիտի ամուսինը…

- Պատկերացնո՞ւմ ես, Սվետ ջան, առավոտյան մտնում եմ խոհանոց և թեյնիկի կողքն ի՞նչ տեսնեմ, որ լավ լինի, չես կարող պատկերացնել…
- Առնե՞տ:
- Չէ, ի՞նչ առնետ, կես լիտրանոցով պռնկեպռունկ լցված մեզ, անալիզի համար:
Քիչ էր մնում` ուշքս գնար:
Ասում եմ` Բագրատ, սա ի՞նչ է, ասում է` թող շատ լինի, որ ճիշտ եզրակացություն անեն…

Հիշեցին, որ մենակ չեն, ես էլ եմ ներկա:
Խորհրդավոր նայեցին ինձ:
Մի բան ասելու համար բացում եմ բերանս:
- Քսան րոպեից վերջացնում ենք, այսօր էլ անցավ, կարող ենք հավաքվել, գնալ:
Նայում եմ այդ երկու կյանքից կարծես գոհ կանանց ու զգում եմ, որ կորցնում եմ ինձ տիրապետելու համբերությունս:
Չեմ դիմանում ու հարցնում եմ:
- Սվե՛տ, ատամներդ ինչո՞ւ ես հանում, բա որ երազում հանկարծ սովածանաս ու ցանկանաս մի բան ուտե՞լ:
- Հիմա՛ր, քեզ չե՞ն սովորեցրել, որ ուրիշի խոսակցությունները լսելը… Լսիր, մի բան եմ գտել համակարգչի մեջ, բախտ է բացում, ուզո՞ւմ ես` քեզ գուշակենք, փորձած բան է:
Լավ, սպասիր, առանց քեզ էլ կարող եմ:
Բարձրաձայն լսում եմ, թե ինչպես է հաշվում:
- Ուրեմն տարեթիվը գումարած ամսաթիվը, գումարած օրը, այսպես, ստացվեց հազար ինը հարյուր ութսուն ինը: Գրում ենք, պահում: Հիմա այսօրվանն ենք գումարում: Ան, ամսի քանի՞սն է:
- Հունիսի տասնյոթը, 2013 թիվ:
- Լա՛վ, դա էլ ենք գումարում, ստանում ենք հազար ինը հարյուր իննսուն: Հանում ենք իրարից:
Ես արդեն հաշվել էի ու ստացել մեկ:

Համակարգիչս շարունակում է.
Տանգոն մենակ չեն պարում,
Տանգոն սրտեր է գերում..

- Հո՛վ, ստացվեց մեկ, ուրեմն այսօր կամ մեկ ամիս անց ու դու…
- Գնա, քո Էռնեստին գուշակիր, ես դրա կարիքը չունեմ: Վե՛րջ, դուրս ենք գալիս:
Լիլիթ Կարապետյանի ձայնն անհայտացավ:
Անհայտացավ նաև էկրանից ինձ նայող գեղեցիկ մազերով անդեմ աղջիկը:
Մուտքի մոտ հավաքվել են աշխատակիցները:
Ամռան անձրև էր՝ տաք ու կատաղած:
Փողոցում ասֆալտը թաց էր ու փայլփլող:
Անհասկանալի պատճառներով մոտները հովանոց ունեցողները դուրս եկան շենքից:
Դանդաղ, մեծ հաճախությամբ մոտենում էին այն ավտոմեքենաները, որոնք արդեն զանգ էին ստացել իրենց կանանցից` սանրվածքը չփչացնելու համար մեքենայով տուն գնալու:
Նաև հատուկենտ տաքսիներ:
Իսկ ինձ ոչ ոք չի զանգի:
Ճիշտ է, մեքենա չունեմ, բայց…
Անարդար է:
Փաստ:
Իսկ մտքումս անհանգիստ պտտվում է «Տանգոն մենակ չեն պարում»:
Մուտքի հարթակը դատարկվեց մարդկանցից:
Մնացինք ես ու Անահիտը:
- Ան, քոնը չի՞ գալու:
- Չգիտեմ, Հով ջան: Զանգում եմ, անհասանելի է, խայտառակվեցի բոլորի մոտ:
- Ինչո՞ւ, որ չի՞ գալու,- ծիծաղում եմ:
- Քեզ ի՞նչ կա, դու տղամարդ ես:
Հետո նայում է ինձ, կարծես ինչ-որ բան է ցանկանում ասել:
- Ի՞նչ:
- Երբ ուսանողուհի էի, սիրում էի անձրևը: Վազում էի փողոցով, կանգնում որևէ հավաքված ջրափոսի մոտ, աչքերով ընտրում էի մի փոքր ջրի հատված ու նայում, թե այդ հատվածում երբ կընկնի անձրևի կաթիլ, ու անհամբեր սպասում էի, թե քանի շրջան կերևան ջրի մակերևույթին: Մի անգամ էլ հաշվեցի չորս շրջան ու ուղիղ չորս օր հետո էլ ծանոթացա Բագրատի հետ: Դու հավատո՞ւմ ես նման բաների:
- Չէ, չեմ հավատում: Չեմ կարողանում հավատալ:
Ես հավատում եմ ծերությունից դողացող բժիշկներին, հավատում եմ, որ մի օր էլ ես եմ հանելու ատամներս ու դնեմ անալիզի համար նախատեսված կեսլիտրանոց բանկայի մեջ…
Նայում եմ նրա աչքերին, իսկ նա կարծես իմ միջով նայում է ավելի հեռու ու աչքերով ժպտում:
- Ի՞նչ:
- Եկավ, ես գիտեի: Պատկերացնում ես առանց զանգելու եկավ: Քեզ տանե՞նք, հո չե՞ս թրջվելու:
- Չէ՛, հարկավոր չէ՛: Ես ինքս:

Քայլում եմ անձրևի տակ, անկախ ինձնից փնտրում եմ մի գեղեցիկ ջրափոս:
Գեղեցի՞կ:
Ինչպիսին է լինում գեղեցիկ ջրափոսը` ես չգիտեմ, բայց փնտրում եմ` չզգալով, որ բավականին թրջվել եմ, ու քայլերս դժվարացել են ծանրությունից:
Մայթեզրին աչքերով մի ջրափոս գտա: Ընտրեցի ջրի հատվածն ու սպասում եմ արդեն նոսրացած անձրևի փրկիչ որևէ կաթիլի:
Կաթա՛ց:
Հաշվում եմ ջրի վրա առաջացած շրջանակները.
Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս…
Չէ, սա այն ջրափոսը չէ, համ էլ գեղեցիկ չէ:
Ինչպիսին է լինում գեղեցիկ ջրափոսը` ես չգիտեմ, բայց շարունակում եմ փնտրել:
Ահա այս մեկը, իրոք գեղեցիկ է:
Մոտենում, նայում եմ, տեսնում եմ ինձ, ճիշտ է աղոտ, բայց հաստատ ես եմ:
Ընտրում եմ մեջտեղից քիչ աջ ընկած մի փոքր ջրահատված ու ուշադիր սպասում հերթական կաթիլին:
Վերջապես:
Երբ կաթիլի ընկնելուց հետո հաշվեցի մինչև մեկը, ջրափոսից բարձրացան բազմաթիվ ջրի շիթեր, ցեխաջրով ողողեցին շորերս ու…
Մի երկու մետրի վրա կանգնեց մի սպիտակ BMW:
Կին վարորդը նայում է ետ:
Շիկավուն է, բերանի անկյունում վառած ծխախոտ է:
Մոտենում եմ ու մտքումս որոշում, որ կասեմ, այ քույրիկ ջան, լվացքի մեքենա քշելու փոխարեն ավտոմեքենա ես քշում, ախր այդպես ո՞նց կլինի…
Միգուցե հումորս օգնի՞:
Երբ մոտեցա մեքենային, կինը թեքվել ու իջեցնում էր վարորդի կողքի դռան ապակին:
- Առաջդ չես կարողանում նայել, այ հայվան:
Ծխախոտը շպրտեց վրաս:
Սպիտակ մեքենայի ետևի ակերն մեծ արագությամբ մի պահ պտտվեցին տեղում, մի անգամ էլ ցեխոտելով ինձ ոտքից գլուխ, արագ հեռացան:

Բացում եմ դուռս…

«- Արտա՛կ, եկա, իրար հետ ենք չէ՞ ճաշելու:
Սրբիչով ձեռքերը մաքրելով ընդառաջ կգա կինս, գեղեցիկ դեմքով, խնամված մազերով ու կզգուշացնի, որ Արտակը դեռ չի արթնացել, հազիվ է քնեցրել նրան:
- Ճաշը տաք է, լվացվիր ու անմիջապես ճաշենք»:

Լողարանից դուրս եկա անտանելի վատ տրամադրությամբ:
Միացրեցի գազօջախը, վրան դրեցի կիսով չափ ջրով լցված ալյումինե փոքրիկ մի կաթսա:
Սպասեցի, մինչև ջուրը կեռա:
Ուղեղումս նորից չգիտես ինչու արթնացավ «Տանգոն մենակ չեն պարում» երգը:
Վերցրեցի երկու ձու ու կոտրեցի եռացող ջրի մեջ:
Սպասում եմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել