Operativ.am-ը գրում է.

Ռուս հայտնի բլոգեր Արթուր Գալեևը անդրադառնում է Հրաչյա Հարությունյանի դեպքի ու գրում. «Ցավալի է: 46 տարեկան տղամարդ: Պատկերացրեք միայն, մի պահ մոռացեք ռուսական կարծրատիպերը, թե ինչպես են կովկասցիները գալիս, թալանում, գողանում, սպանում: Միայն պատկերացրեք, 46 տարեկան, Հրաչյա Հարությունյան: Ի դեպ, գիտե՞ք ինչպես է թարգմանվում նրա անունը` «փայլող աչքերով»: Նա իսկապես շատ կենդանի աչքեր ունի, որ հիմա անընդհատ լաց են լինում:

Ուրեմն նա 46 տարեկան է, ապրել է, ապրել: Ապրել ինչպես բոլորը, գրեթե ամենահետաքրքիր ու կարևոր տարիներն անցել են: Երեխաներ է ունեցել ` աղջիկ և տղա, տղան մահացել է, ունի թոռնիկ և ծեր հայր:Փող նրանց հաստատ ուղարկել է: Մոր գերեզմանին լացել է, իր հարսանիքին` պարել, այնպես ինչպես բոլորը: Երբեմն ծանրաբեռնել է բեռնատարը: Արգելակներն ինչ-որ պահի չի ստուգել: Իսկ դուք հաճա՞խ եք ստուգում: Դե, հնարավոր է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այնպես, ինչպես ինքը: Նույնիսկ այն, որ հենց ինքը պետք է ստուգեր, հաստատ չէ, մեքենան ախր իրենն էլ չէր: Մեքենայի սեփականատերը տնտեսե՞լ է ու չի՞ ստուգել մեքենան, կամ մեխանիկնե՞րն են որոշել աչքաթող անել, ի՞նչ իմանաս:

Չէ՞ որ չի ստում Հրաչյան: Տեսանյությում էլ ակնհայտ է` փորձում էր փրկել, այլ ուղղությամբ գնալ: Մի քիչ չհասցրեց, հնարավոր է, ընդամենը 50 մ չհերիքեց: Ինքը կարող էր հերոս դառնալ: Իսկ հիմա կնստեցնեն: Սովորական մարդ, ով այդ առավոտ թեյ էր խմել` մի կտոր հացով, կամ ինչ-որ ազգային ուտելիք կերել, որ հեռավոր ազգականն էր պատրաստել, կամ, ավելի հավանական է, որ ոչինչ չէր կերել, ինքը ախր շտապում էր, ախր փողի կարիք շատ ուներ: Իսկ մի քանի ժամ անց նա սպանեց 18 մարդու, ու հիմա կարող է դատվել մինչև 7-8-9 տարի:

Նա կոմայի մեջ էր, ուղեղի ցնցում էր ստացել, նրան հանեցին կոմայից և բերեցին դատարան`կնոջ խալաթով, ուրիշի հողաթափերով..

Նրա որդին էր մահացել մեկ տարի առաջ: Դեռ հայտնի չէ ինչպես է դա եղել: Հրաչյայի եղբոր խոսքերով բանակում ծառայելու տարիներին: 21 տարեկան էր տղան: Հրաչյան էլ ծառայել է, վիրավորվել կռվում, էլի եղբոր խոսքերով: Իսկ նա եկել էր Ռուսաստան որդու շիրմաքարի համար փող աշխատելու:

46 տարեկան մարդ: Ցավալի է: Փաստաբանն ասում է, որ անընդհատ լացում է: Մահացածների համար էլ ցավում եմ: Վիրավորվածների մեջ կին կա, ով  վթարի ժամանակ կորցրել է ամուսնուն, իսկ 2 տարեկան որդուն  հազիվ են փրկել: Այդ 18-ն էլ այնպիսի մարդիկ էին ինչպես Հրաչյան: Ամեն մեկն իր պատմությամբ: Մի քիչ ավել, մի քիչ պակաս ողբերգական:

Այդ հայ տղամարդը մեղավոր է: Ոչ այն պատճառով, որ հայ է կամ որ եկվոր է, մեքենայի ղեկին կարող էր մեզանից յուրաքանչյուրի հայրն ու եղբայրը լինել: Ինչու՞մ է մեղավոր, որ ապրե՞լ է ինչպես բոլորս: Ինչպե՞ս այն ընկերության սեփականատերն, ում պատկանում էր "Камаз"-ը, ով դեռ ապրիլին դուրս էր գրել մեքենան, բայց մտածել էր. «Լավ թող դեռ քշեն»: Ինչպես այն ոստիկաննեե՞րը, որ չեն վերցրել Հրաչյայի փաստաթղթերն այդքան խախտումներից հետո, ինչպես այն պատգամաորնե՞րը, որ մի օր որոշում են կայացրել`թույլատրել այլ երկրների վարորդներին մեքենա վարել Ռուսաստանում, իրենց երկրում ստացած վարորդական իրավունքով:Ինչպես այն 18 զոհո՞րն, ովքեր հաճախ նմանատիպ որոշումներ են կայացրել իրենց կյանքում: Ինչպես մենք բոլո՞րս:

Երբեմն լինում են սարսափելի ողբերգություններ: Օրինակ «Նոր Մոսկվայի» ողբերգությունը: Մենք բոլորս մեծ մարդիկ ենք, այդ ողբերգություններում միշտ լինում է ծայրահեղը: Մենք դրան սովոր ենք, այդպես ընդունված է: Այս անգամ ծայրահեղը կլինի 46-ամյա տղամարդը` «պայծառ աչքերով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել