Քյավառում բոլորը հիշում են այս պատմությունը: 90-ականների կեսերին Նորատուսում և ոչ միայն շատ էին ձկնագողության դեպքերը: Իրավիճակն այն աստիճան անվերահսկելի էր, որ Սևան կամ, մեր պատկերավոր լեզվով ասած, ծով էին մտնում Կալաշնիկով ինքնաձիգներով, շատ դեպքերում կրակում էին թե՛ իրար վրա և թե՛ որսագողությունը կանխել ցանկացող իրավապահների ուղղությամբ:
Հերթական անգամ ոստիկանների ու նորատուսցիքի միջև տեղի ունեցած փոքր ճակատամարտից հետո տեղի ժողովուրդը «գերեվարում է» ոստիկանության գնդապետի, մեծ քանակությամբ զինամթերք, ու անգամ, ասում են, ոստիկանական БМП: Վերջինս իբրև «զինվորական տրաֆեյ» կանգնեցնում են գյուղի կենտրոնում: Դրանից հետո հատուկջոկատայիններն օղակի մեջ են առնում Նորատուսը՝ կարծեմ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, դաժանորեն ճնշում «խռովությունը», բազմաթիվ մարդկանց ձերբակալում են: Անգամ պատմում են, որ ավտոմատներ էին հանում տատիկների, մեր լեզվով՝ ադեների նստած թախտերի տակից, որոնք այնտեղ էին դրվել իբրև հուսալի վայր:
Ուզում եմ հիշեցնել, որ այդ տարիներին ոստիկանական կամ ՆԳՆ համակարգը նոր սկսել էր իրենից ուժ ներկայացնել՝ հիմնականում Վանո Սիրադեղյանի ղեկավարության օրոք։ Մինչև այդ՝ անկախությունից հետո, երբ երկրում մեծ քանակությամբ զինված ջոկատներ էին ի հայտ գալիս, ոստիկանի ներկայությունը եթե ոչ զրոյական էր, ապա առնվազն չնչին:
Ինչո՞ւ գրեցի այս ամենը։ Այսօր Քյավառում տեղի ունեցածից հետո տպավորություն է, որ վերադարձել ենք երեսուն տարի հետ, երբ համակարգը կոլապսի մեջ էր:
Հիմա հարց․ երբ ոստիկանապետի ներկայությամբ ճեղքում են շղթան ու մարդ մորթում, ի՞նչ պետք է անի հերթապահություն իրականացնող իրավապահը: Միանշանակ, ԿՐԱԿ ԲԱՑ ԱՆԻ:
Հարց երկրորդ․ ո՞ր ոստիկանը կկրակի, եթե իմանա, որ ցանկացած գործողությունից հետո իրեն մինիմում ամիսներով քարշ են տալու ՀՔԾ-ներ ու եսիմ ուր: Ոստիկանական համակարգի էս կոլապսի միակ պատասխանատուն իշխանությունն է: Նեյնիմ-մեյնիմությամբ, տարատեսակ իրավապաշտպաններով ու ֆեյսբուքյան ակտիվիստներով համակարգը հնարավոր չէ վերահսկել: Խայտառակություն է…