Վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրեց հետևյալը․

1. Ճգնաժամ է, վիճակը վատ է, իսկ իշխանությունների կայացրած խնդրահարույց որոշումներից մարդիկ կարող են հետևություններ անել:
2. Կառավարությունը չի կարող տեղորոշել կարիքավորներին, իսկ համատարած աջակցություն ցուցաբերել, ըստ էության, չի պատրաստվում։

Ակնհայտ է նաև, որ վարչապետը քաղաքացիների վարքագիծը մեկնաբանում է այնպես, ինչպես հարմար է իր կառավարության կայացրած որոշումները արդարացնելուն։ Սա ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ կոմունալ վճարումների կատարման վիճակագրությունն առ այն, որ մարդիկ ՀԾԿՀ հայտարարությունից հետո նոր վճարել են կոմունալները։

Փաշինյանը եզրահանգում է, որ դրանից առաջ չվճարողները սպեկուլյացիայով էին զբաղված։ Իհարկե, չեմ բացառում, որ եղել է այդպիսի վարքագիծ, բայց համոզված եմ, որ մեծամասամբ մարդիկ, պայմանականորեն ասած, ունենալով գրեչկայի և հացի գումար, հարկադրված կերպով գրեչկայի փողը տվել են կոմունալներին՝ բավարարվելով միայն հացով։ Այլընտրանքը հոսանքազրկվելն էր։

Ստացվում է, որ նույնիսկ եթե կրկին նեղ թիրախային աջակցություն ցուցաբերեն, այն մարդիկ, ովքեր ծանր իրավիճակում հարկադրված վճարել են, կշարունակեն մնալ կարիքի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել