«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ մարդիկ հազիվ են գլուխ հանում, թե կառավարության ծրագրերից որի շահառու կարող են լինել, անգամ պետական գերատեսչություններում աշխատող մարդկանց են դիմում, որ մարդկային լեզվով իրենց բացատրեն, կառավարությունն էլ ավելի է մոլորեցնում մարդկանց։
Պարզվում է, որ այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու նախարար ունենք՝ Արտեմ Ասատրյան եւ Զարուհի Բաթոյան։ Քաղաքացին չգիտի` որ մեկին դիմի, որովհետեւ, եթե հետեւում ենք այս նախարարության պաշտոնական լրահոսին, այն է՝ կայքին, ստացվում է՝ այս նախարարությունը մի ոտքով նախկին, «հին» իշխանությանն է պատկանում, մյուսով՝ նոր։ Այս հասցեով քաղաքացիներին կողջունի, անգամ ուղերձ կհղի Արտեմ Ասատրյանը, իսկ այս հասցեով, Զարուհի Բաթոյանը։
Նախարարությունը երկու կայք է միաժամանակ պահում։ Քավ լիցի, որքան կայք ուզում են թող գործարկեն, բայց քաղաքացուն գոնե ասեն, թե որն է դրանցից պաշտոնականը, այսինքն՝ լսել Արտեմ Ասատրյանի՞ն, թե՞ Զարուհի Բաթոյանին։
Բավական զավեշտալի է հետեւել մի գերատեսչության աշխատանքին, որտեղ երկու նախարար է աշխատում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 28.04.20թ. համարում։