Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան 8-ին 5 պակաս մտավ ուղիղ եթեր։ Այնպիսի տպավորություն էր, որ երկրի ղեկավարը շատ կարևոր բան ունի ասելու հասարակությանը, կամ մինչև առավոտ ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որի մասին տեղեկացնելու է երկրի ղեկավարը։ Սակայն պարզվեց, որ վարչապետին քնից հանել էր ինքն իրենից և իր թիմից սեփական գոհունակությունը։ Նա հպարտ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ի միջոցառման անցկացման որակից։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ շատ ուրախ, որ իշխանություններին հաջողվեց շատ լավ կազմակերպել այդ ամենը, բայց դա չի նշանակում, որ երկրի ղեկավարը առավոտյան 8-ին պետք է ուղիղ եթեր մտնի այս թեմայով և էքստազահարված ելույթ ունենա։

Ես մտածում էի, որ վարչապետն այդ ժամին ուղիղ եթեր է մտել հասարակությանը շատ հետաքրքրող և հուզող, օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները և ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումները մեկնաբանելու համար։ Սակայն ավաղ։ Պարոն Փաշինյանը չի կարող այդ ամենից շոու սարքել և այդքան դուխ չունի, որ հերքի Լավրովի և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները։ Կամ կխոսեր գազի և էլեկտրաէներգիայի վճարների խնդրից, որը շատ արդիական է։ Սակայն ոչ։ Փաշինյանին այդպիսի մանր-մունր թեմաները չեն հետաքրքրում։

Երկրի առջև ծառացած խնդիրները չնկատել տալով և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու փորձեր անելով` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել։ Բայց, միևնույն է, Արցախյան հիմնահարցի և այլ շատ կարևոր խնդիրների հետ կապված՝ հասարակությունը սպասում է հենց նրա մեկնաբանություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել