Կարծում եմ՝ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն երբեք հավուր պատշաճի չեն օգտագործել Արցախի ներուժը, քաղաքական ռեսուրսը այս կամ այն արտաքին քաղաքական գործընթացներում, որոնք առնչություն են ունեցել Հայաստանին ու հայությանը: Օրինակ` ԼՂՀ-ն կարող է հանդես գալ հայտարարություններով, բողոքով կամ դատապարտումով, երբ որևէ պետություն կամ կազմակերպություն հակահայկական կամ Հայաստանի շահերին հարվածող գործունեություն է իրականացնում: Այդպես, ԼՂՀ-ն և՛ իր վրա կգրավի միջազգային հանրության ուշադրությունը, և՛ կընդգծի սեփական սուբյեկտայնությունը: Դիցուք, Ադրբեջանին մեկ միլիարդի զենքի վաճառքի կապակցությամբ Արցախում, կարծես, ոչ մի արձագանք չեղավ: Մինչդեռ դատապարտող հայտարարությամբ կարելի եր ևս մեկ անգամ ընդգծել, հիշեցնել բոլորին, որ պատերազմը ԼՂՀ և Ադրբեջանի միջև է: Պետք է ձերբազատվել սոցիալ-քաղաքական այն մտածելակերպից, որ եթե Հայաստանում Արցախի քայլերն ընկալվում են որպես պաշտոնական Երևանի իրականացրած գործունեությունների շարունակություն, ապա միջազգային ասպարեզում նույնպես այդպես են ընկալելու: Գուցե այդպես էլ ընկալեն, սակայն երբեք չեն կարող Ստեփանակերտի քաղաքականությունը վերագրել Երևանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել