Մի քանի օր առաջ Սերգեյ Լավրովի թեթև ձեռքով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին, ամեն դեպքում, ինչ-որ փաստաթղթեր կան, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում։ Փաստ N-0, որը վերջին երկու տարիներին համառորեն հերքվում է Նիկոլի և Զոհրաբի կողմից։ Նախարար Զոհրաբը, պատասխանելով Լավրովին, ո՛չ հերքեց, և ոչ էլ հաստատեց փաստաթղթերի առկայությունը, նա ընդամենը ներկայացրեց ՀՀ ակնհայտ և տրամաբանական դիրքորոշումը, որի լինելիությունն ամենևին էլ չի խանգարում փաստաթղթի գոյությանը։ Պարզ է այն, որ փաթեթային տարբերակում, ի տարբերություն փուլայինի, հենց սկզբում ամրագրվում են կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, և հստակ է, թե կողմերից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ինչ է ստանալու: Իսկ փուլային տարբերակի վտանգն այն է, որ որոշակի փուլում կողմերից մեկը կարող է ստանալ իր ակնկալիքների մի մասը և չշարունակել գործընթացը, ինչն իր հերթին ողջ գործընթացը դարձնում է վտանգներով լեցուն: Փուլայինի դեպքում չի կարող նախատեսվել հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտությամբ, որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում:
Տեղի ունեցածի մեջ գլխավոր պատասխանատուն Նիկոլն է ու իր ոլորտային պատասխանատուներն են, ովքեր իշխանության գալուց ի վեր Արցախի հարցում հստակ ոչ մի դիրքորոշում ու կոնկրետ մոտեցում չներկայացրին։ Ավելին՝ այդ հարցի մասին յուրաքանչյուր հարցադրում կամ բովանդակային քննադատություն իշխանական ֆեյքերը դիմավորում էին սվիններով։ Նիկոլը գտել էր հարցից թռնելու լավագույն տարբերակը և յուրաքանչյուր մեղադրական պնդմանը հակազդում էր այն մեկնաբանությամբ, թե իր իշխանությունը հող հանձնող չէ, ավելին՝ միակ իշխանությունն է, որ Արցախի հարցում ունի հստակ մոտեցում։ Իսկ թե ինչ մոտեցման մասին է այդքան բարձրագոչ հայտարարություններ անում ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, մինչ այսօր անհայտ է։ Օրվա իշխանություններն Արցախի հարցում գործում են բավականին խուճապահար ու փնթի ձևով, ինչը դիվանագիտության մեջ ակնհայտորեն հանգեցնում է ձախողման ու կանգնեցնում փակուղու առաջ։
Նիկոլի կասկածելի պահվածքը դրսևորվեց իշխանության գալու հենց սկզբից, երբ Արցախի բանակցությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ ոչ մի նորություն չի պարզաբանել իր համար։ Նիկոլն իր ելույթներում մի քանի անգամ ակնարկել է, որ Արցախի հարցում ինքը չի հենվելու «նախկինների պարտվողական և դավաճանական բանակցությունների վրա», եթե դա թարգմանենք, ստացվում է, որ Նիկոլը սեփական քաղաքական կուրսն է որդեգրել, ինչի առաջին պտուղները Լավրովի վերջին հայտարարությունն էր, որով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին ներկայումս փուլային տարբերակն է դրված։ Իր այս քայլերով Նիկոլը փոշիացնում է ՄԽ համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները և զրոյացնում հայկական կողմի ունեցած ամուր բանակցային դիրքերը: Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլը չի անդրադարձել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններին, միայն իմքայլական որոշ միջին տրամաչափի դեմքեր տարբեր հարցերի շրջանակներում հարցազրույցներ տալիս այս կամ այն կերպ անդրադարձել են Լավրովի դիվանագիտական ապտակին՝ տալով հերթական նաիվ մեկնաբանությունները։
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, ապա նախարարի չմեկնաբանվող բառախմբին հավելվեցին նաև նախարարության մամուլի խոսնակի չմեկնաբանվող բացատրությունները, որոնցով այդպես էլ պարզ չի դառնում՝ ի վերջո, ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցություններ տանո՞ւմ են, թե՞ ոչ, և ո՞վ է ստում։
Հ.Գ. Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում վատ ավանդույթ է ձևավորվել, երբ մեզ համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե մեր իշխանություններից, հայ պաշտոնյաներից ու հայկական ԶԼՄ-ներից, այլ օտար աղբյուրներից՝ օտարերկրյա պաշտոնյաների, օտարալեզու մամուլի միջոցով։ Սա առաջին դեպքը չէ, որ արցախյան կարգավորման մանրամասներին մենք տեղեկանում ենք ոչ թե ՀՀ իշխանություններից, այլ, ասենք, Մինսկի խմբի համանախագահներից, իսկ վերջին զարգացումները ներկայացրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։