Մազերի հետ քիմիական և ջերմային մանիպուլյացիաները վատ են անդրադառնում դրանց առողջության վրա: Հաճախ դրանց ծայրերը ճյուղավորվում են, ինչը փչացնում է մազերի ընդհանուր տեսքը: Ի՞նչ անել, երբ մազերը ճյուղավորվում են:
1. Մազերի ճյուղավորման պատճառ կարող է հանդիսանալ սխալ խնամքը (անորակ կամ ձեր մազերի տեսակին անհամապատասխան շամպուն, մետաղական սանր, վարսահարդարիչի սխալ ռեժիմ, մազերի ներկում, ռեզինների և ամրակալների օգտագործում): Խճճված մազերը դժվար են սանրվում, և ոմանք, ժամանակ չունենալով, հաճախ ոչ միայն վնասում են մազերը խախտելով դրանց կառուցվածքը, այլև պոկում են արմատից:
2. Մազերի ճյուղավորումից զերծ մնալու համար անհրաժեշտ է առանց շտապելու սանրել դրանք: Ցանկալի է օգտվել փայտյա սանրից: Մի սանրեք թաց մազերը, քանի որ ջրային պրոցեդուրաներից հետո շատ հեշտ է վնասել ոչ միայն արմատը, այլև մազերի ֆոլիկուլը: Եթե չեք ցանկանում ճաղատանալ, ապա մազերը սանրեք դրանք լվանալուց 15-20 րոպե անց:
3. Չորացնելիս ոչ մի դեպքում մի տրորեք մազերը սրբիչով՝ պտտելով և փաթաթելով դրանք: Եթե վարսահարդարիչ եք օգտագործում, գլխամաշկի և մազերի այրումից խուսափելու համար մի միացրեք առավելագույն ջերմության վրա և շատ մի մոտեցրեք սարքը գլխին: Եթե մազերին ջրի կաթիլներ կան, ապա ոչ մի դեպքում դրանց չմոտեցնեք վարսահարդարիչը, քանի որ տաք օդի հոսքը պարզապես կայրի մազերը:
4. Հետևեք մազերի երկարությանը: Եթե նկատում եք ճյուղավորման առաջին նախանշաններ, ապա մի փոքր կտրեք մազերի ծայրերը: Որպեսզի նման բան այլևս չպատահի, ցանկալի է կտրել դրանք տաքացրած մկրատով:
5.Ճյուղավորումը նվազեցնելու համար օգտագործում են անուշաբույր յուղեր: Առավել արդյունավետ են ձիթապտղի, կռատուկի և նուշի յուղերը, որոնք հեռացնում են շամպունների, բալզամների և լոսյոնների վատ հետևանքները: Քսեք դրանք մազերին, թողեք, որ մի քիչ ներծծվի մաշկի մեջ, հագեք պոլիէթիլային գլխարկ և գլուխը փակեք սրբիչով: 30 րոպե անց լվացեք մազերը սովորական շամպունով:
6. Օգտագործեք «ճիշտ» կոսմետիկա, դեն նետեք բոլոր սպիրտային լոսյոնները: Արևային լոգանքների ժամանակ ծածկեք մազերը գլխաշորով կամ գլխարկ կրեք: Երբեք մի չորացրեք մազերը ռեզինե գլխարկի մեջ: Ձմռան սառնամանիքը նույնքան վտանգավոր է ձեզ համար, որքան այրող արևը: Մի մոռացեք նման եղանակին պաշտպանել մազերը:
7. Կարող եք պատրաստել տնային քսուքներ, որոնք կպաշտպանեն մազերը ճյուղավորումից: Խառնեք մեկ դեղնուցը մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ: Քսեք մազերին, ծածկեք գլուխը ցելոֆանով: Երկու ժամից լվացեք մազերը տաք ջրով:
Օգտակար է նաև հաղարջի, ազնվամորու և անանուխի տերևներից բուսական դիմակը: Վերցրեք յուրաքանչյուրից միևնույն քանակությամբ և ստացեք համասեռ խառնուրդ: Ավելացրեք 50 մլ յուղոտ սերուցք և 2 ճաշի գդալ օսլա: Ամենը լավ խառնեք և քսեք մազերին: Պահեք 30-40 րոպե և լվացեք տաք ջրով:



