Հետխորհրդային երկրներում, երբ կինը փորձում է դառնալ տվյալ երկրի նախագահ, դա արդեն կարելի է համարել մեծ սխրագործություն, քանզի խորհրդային տարիներին կնոջ դերը հասարակության մեջ շատ մեծ էր, բայց նա ուներ հստակ սահմանափակում: Հարկ է նշել, որ ԽՍՀՄ-ի կազմի մեջ ընդգրկված 15 հանրապետությունների կենտկոմի առաջին քարտուղարները բոլորը անխտիր տղամարդիկ էին, դա չգրված օրենք էր, այսպես ասած «պոլիտբյուրոյի միաձնյա որոշում»: Սակայն, ի պատիվ խորհրդային իշխանությունների պետք է նշել, որ մնացած պաշտոնների հարցում կանանց առջև «արգելք» չկար դրված:
«Եթե Սալոմե Զուրաբիշվիլին դառնա Վրաստանի նախագահ, ապա Վրաստանը միայն կշահի դրանից». այս կարծիքին են հանգել որոշ շատ լուրջ, միջազգային մեծ ճանանչում ունեցող պարբերականներ:
Վերջերս վրացի քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են հնչեցնում սահմանադրական միապետության հաստատման գաղափարը, որի ամենակարկառուն ջատագովներից մեկը Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին է: Ահա թե ինչ է ասել նա վրացական հեռուստակայաններից մեկին` «Ապագայում երկրի պետական կառուցվածքի լավագույն մոդելը կարող է դառնալ սահմանադրական միապետությունը»: «Վրաստանի ուղին» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլիին պատահական մարդ քաղաքականության մեջ անվանել չի կարելի, նա այնպիսի մի անհատականություն է, որի հետ հաշվի են նստում վրաց ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելող մշակութային, ինչպես նաև գիտության ասպարեզի գործիչներ: Այս կինը օժտված է մեծ կամայական հատկանիշներով, և ինչպես վրացիներից շատերն են ասում, նա պահի տակ կարող է այնպիսի մի քաղաքական «տրյուկ» անել, որը կարող է նոր զարգացումների բերել:
Ըստ իս` նրա գաղափարները այդքան էլ փայլուն չեն, քանզի Վրաստանը այդքան էլ հարուստ երկիր չէ, որ այնտեղ կարելի լինի «էքսպերիմենտների գնալ», սակայն միայն այն փաստը, որ երբ հնչեցնում են, որ Վրաստանի հաջորդ նախագահ կարող է դառնալ Սալոմե Զուրաբիշվիլին, դա մեծ ոգևորություն է առաջացնում հարյուր հազարավոր վրացիների մոտ, արդեն իսկ գովելի է: Այո´, ոգևորություն, այլ ոչ թե ծիծաղ, ինչպես դա եղավ մեզ մոտ, երբ պատահական մարդիկ հայտնվեցին ՀՀ նախագահի թեկնածուների ցուցակում: Գովելի է, քանզի լինելով կին նա այնուամենայնիվ կարողացել է կոտրել խորհրդային տարիների կարծրատիպը և վրացիների ինքնագիտակցության մեջ մտցնել, որ կինը հանգիստ կարող է լինել երկրի նախագահ:
Հարգելի ընթերցողներ, ճիշտն ասած ես այս հոդվածը գրելւիս թերևս մի նպատակ էի հետապնդում, դա այն է, որ վատ չէր լինի, որպեսզի մեզ մոտ էլ նախագահական ընտրությունների ժամանակ հայ կին քաղաքական գործիչները, մի կողմ դնելով բոլոր մտավախությունները, հանգիստ առաջադրվեն որպես ՀՀ նախագահի թեկնածու, և կարևորը այստեղ այն չէ, որպեսզի նրանք անպայման հաղթեն, կարևորը նա է, որ դրանով նոր ավանդույթի սկիզբ կդրվի:
Հ.Գ. Հավատացեք, մենք արժանի կին քաղաքական գործիչներ շատ ունենք: