«Իրատես» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկության համաձայն` մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կտրուկ նվազել է կանչերի քանակը, նկատելի է սուր շնչառական վարակների հետ կապված նվազումը։ Տեղեկությունը տեղեկություն, սակայն, ինչպես ասում են, «доверяй, но проверяй»։
«Այո, աննախադեպ նվազել են կանչերը։ Արդեն երրորդ շաբաթն է կանչերի թիվը օրական 3-4 է։ Նման պատկեր ունենում ենք օգոստոսին,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին Երեւանի մի շարք պոլիկլինիկաների ղեկավարներ` ընդգծելով, որ դեկտեմբերից մինչեւ մարտի վերջ կանչերի թիվը օրական գերազանցել է մեկ տասնյակը, որոնց գերակշիռ մասը սուր շնչառական վարակներն են եղել։
Հետաքրքրական է, որ 2020-ի ապրիլի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի տվյալները, ըստ մասնագետների, ցածր են անգամ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսօր ստեղծված իրավիճակում սա իսկապես հետաքրքիր ֆենոմեն է։
Բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ կանչերի թիվը նվազել է։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում փաստեց նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության, պոլիկլինիկաները համակարգող գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալակյանը.
«Այո, ձեր հետաքննության արդյունքները ճիշտ են։ Յուրաքանչյուր ուրբաթ մենք ուսումնասիրում ենք պոլիկլինիկաներից ստացված տվյալները։ Իսկապես վերջին 4-5 շաբաթում զգալիորեն նվազել է կանչերի քանակը, սակայն որքանով է նվազել սուր շնչառական վարակների հետ կապված կանչերի թիվը, չենք կարող ասել, քանի որ նման ստատիստիկա չենք վարում»։
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ նվազել է պոլիկլինիկա այցելողների թիվը, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը՝ Covid 19-ի ստեղծած իրավիճակից ելնելով պոլիկլինիկաների աշխատանքները վերադասավորվել են։ Երկրորդ՝ մեծահասակ, տարեց մարդկանց այցելում են սոցիալական աշխատակիցները։ «Մեր քաղաքացիների ելումուտը հնարավորինս սահմանափակելու նպատակով, պոլիկլինիկաները քրոնիկ հիվանդներին նախապես ապահովել են երկու ամսվա դեղորայքով։ Հատուկ օրեր են սահմանվել նաեւ երեխաների պատվաստումները իրականացնելու համար։
Քանի որ մեր տարեց քաղաքացիներին այցելում են սոցաշխատակիցները, վերջիններիս այցելությունները պոլիկլինիկաներ եւս սահմանափակվել են»,- ասաց Անահիտ Չարխիֆալակյանը։
Ի դեպ, մեր ունեցած տեղեկության համաձայն, պոլիկլինիկաների սպասարկումից այս օրերին դժգոհություններ չեն եղել։ Բայց եւ այնպես, հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված կանչերի թվի նվազումը։ Գուցե մարդիկ սովորական գրիպի դեպքում անգամ խուսափում են դիմելուց բժշկին՝ Covid 19-ով պայմանավորված, կամ էլ պետք է ենթադրել, որ ձեռնարկվող միջոցառումները բարենպաստ ազդեցություն են ունեցել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 24.04.20թ. համարում։