Pastinfo.am-ը գրում է․

Սա հերթական այն ծրագիրն է, որով Առողջապահության նախարարությունը կրճատում է բազմաթիվ բուժաշխատողների, կրճատում է ֆինանսական հոսքերը՝ դրանք կենտրոնացնելով ավելի մեծ կենտրոններում, որտեղ դրանք հսկելն ավելի դժվար կլինի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Պարասելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության այն նախագծին, որով առաջարկվում մի քանի մարզերում գտնվող արյան փոխներարկման կենտրոնները միացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որով նախատեսվում է «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները միացնել ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

Նունե Ներսիսյանը նկատեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արդեն իսկ կան կադրեր, այդ դեպքում մնացած կադրերը, որոնք մարզերում են, ինչ են լինելու. «Երբ օպտիմալացնում էին հակատուբերկուլյոզային դիսպանսերը, այնտեղի բուժաշխատողներին աշխատանքների ցանկ էին տվել, որտեղ մի քանի աշխատանքներ էին նշված այդ թվում կամազի վարորդ, աման լվացող, հավաքարար ու նմանատիպ հաստիքներ, ինչն անթույլատրելի է: Հիմա այս կենտրոնի աշխատակիցներն ինչ են լինելու: Սա ավելի գլոբալ ծրագիր է: Յոլյանում բնական է, որ տարեկան բյուջեն ավելի մեծ է, քան մարզային արյունաբանական կենտրոններում: Եթե այնտեղ բյուջեն ավելի մեծ է, ապա որոշակի չափով սրա հաշվին կավելանա և ինչքան մեծ կենտրոններ, այնքան գումարների հոսքն անվերահսկելի կլինի»,-նշեց Նունե Ներսիսյանը հավելելով, որ Առողջապահության նախարարը բազմիցս նշել է առողջապահությունը պետք է դիտարկել որպես բիզնես:

Հարցին ամեն դեպքում այդ կենտրոնները Յոլյանի արյունաբանական կենտրոնին միացնելն իմաստ ունի, Նունե Ներսիսյանը նշեց, որ այն միանշանակ անիմաստ է և առաջին հերթին բնակչության հարմարավետության առումով. «Մարդը, ով ենթադրենք արյան խնդիր կամ ինչ-որ հիվանդություններ ունի, նրան ավելի հարմար է գնա իր մարզում գտնվող կենտրոնում հետազոտվի: Մարզից հանում ենք ծննդատունը, հանում ենք արյան փոխներարկման կենտրոնը և մարզային բնակչությանը կտրում ենք իրենց մարզից: Մեկ-երկու տարի հետո մարզի բնակիչը մտածելու է ավելի մեծ կենտրոնում, քաղաքում ապրելու մասին և այդկերպ դատարկվելու են այդ բնակավայրերը: Ցանկացած մարդ գերադասում է ապրել այնտեղ, որտեղ իրեն ավելի հարմարավետ է, որտեղ կարող է օգտվել ցանկացած ծառայություններից, իսկ առաջին հերթին առողջապահական ծառայություններից»,-ասաց Նունե Ներսիսյանը:

Վերջինս կարծում է, որ առողջապահության նախարարի ամենամեծ բացթողումը, ամենասխալ ծրագիրը հակատուբերկուլյոզային դիսպանսերները փակելն էր, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կենտրոնը Նորք ինֆեկցիոնին միացնելն էր: Նրա խոսքով ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում առկա է ՊՇՌ լաբորատորիա, որը վերազինված է տեխնիկայով. «Նախարարը հայտարարում է, որ երկիրն ի վիճակի չէ այդքան թեստավորում անել, բայց ՁԻԱՀ կենտրոնը փակելով, այսօր այդ լաբորատորիան չի աշխատում, որ երկրի վրայից մի բեռ կարողանար հանել: Բացի այդ բազմիցս ասում է, որ անհրաժեշտ են աշխատակիցներ` թոքաբաններ և այլն, այնինչ նրանց բոլորին դիսպանսերից հանեցին»,-հավելեց Նունե Ներսիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել