Այսօր պլաստիկ վիրահատություններով ոչ ոքի չես զարմացնի: Մարդիկ իրենց գոյության սկզբից էլ ձգտել են էսթետիկ կատարելության: Պլաստիկ վիրաբուժությունը հնագույն բժշկական արվեստներից է: Ապացույցներ կան այն բանի, որ դեռ 4,000 տարի առաջ վիրաբույժները փորձել են ուղղել դեմքի տրավմաները։
Հին Պարսկաստանում իշխանության խորհրդանիշ էր համարվում արծիվը: Այս երևույթը, սակայն, խնդիրներ էր առաջացնում գահի ժառանգների համար: Վերջիններիս քթերը պետք է պարտադիր կերպով նման լինեին արծվի քթի: Եթե նրանց քիթն այդպիսին չէր ի բնե, ապա այդպիսին էր դառնում վիրաբուժության օգնությամբ։ Նույն գործողությունն իրականացնում էին նաև ացտեկները, իսկ հին եգիպտացիները կարողանում էին շտկել «նապաստակի շրթունքը»։
Աֆրիկայի հնագույն ժողովուրդների՝ գեղեցկության մասին ունեցած պատկերացումները կտրականապես տարբերվում էին մեր ունեցած պատկերացումներից: Այս ժողովուրդների ներկայացուցիչները հաճախ հեռացնում էին ատամների մի մասը, շրթունքների վրա անցքեր էին անում, ձգում էին ուսերը։ Շատերը նման գործողություններ կատարում են մինչ օրս:
Սակայն միայն Հին Հնդկաստանի վիրաբույժներն էին կարողանում ոչ թե այլանդակել մարդուն, այլ բուժել: Հենց այս երկրում էլ ծնունդ է առել ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը: Հնդիկ բժիշկները կարողանում էին մաշկի փոխպատվաստում կատարել դեռևս մ.թ.ա. 800 թվականին։
Շատ հայտնի էր բուժակ Սուշատա Սամհիտան։ Նա գիրք է հեղինակել, որում նկարագրում է իր կատարած վիրահատությունները։ Սուշատան առաջինն է կատարել մաշկի փոխպատվաստում, ինչը հեղափոխականն որոշում էր այն ժամանակներում։ Հնագույն այլ աղբյուրներում նշվում է նաև, որ քթի վիրահատության ժամանակ անհրաժեշտ մաշկը վերցվում էր հետույքի մաշկից:
600 թ. հնդիկները քթի ռեկոնստրուկցիա են կատարել, իսկ 1000 թ.՝ արդեն ռինոպլաստիկա։ Հնդիկ վարպետները խնամքով թաքցնում էին իրենց գաղտնիքները։ Եվրոպացիները երկար ժամանակ չեն կարողացել իմանալ հնդիկ վիրաբույժների բժշկական գաղտնիքները։
Հին Հռոմում ու Հին Հունաստանում կատարված վիրահատությունների մասին տեղեկանում ենք I դարի պատմիչ Ավլոս Կոռնելիոսի աշխատություններից։ Սակայն պլաստիկ վիրաբուժության հայրը, այնուամենայնիվ, համարվում է իտալացի Գասպար Տալյակոցին, ով ապրել է 16-րդ դարում: Նա յուրահատուկ իտալական մեթոդ է ստեղծել: 1597 թ. Գասպարը Վենետիկում հրատարակել է իր գիտական տրակտատը վնասված օրգանների վերականգնման վերաբերյալ: Նա վերականգնում էր վնասված քթեր՝ հյուսվածքներ վերցնելով ուսերից: Իտալացու գիտական ներդրումն այնքան արմատական ու արտասովոր էր համարվում իր ժամանակներում, որ ժամանակակիցները որոշել էին, որ նման գործունեությունն ապօրինի է և հակասում է բնությանը: Եկեղեցին քննադատորեն էր մոտենում Գասպարի բժշկական պրակտիկային, այդ իսկ պատճառով էլ հրաժարվել է թաղել գիտնականին սուրբ կաթոլիկ գերեզմանոցում: