Սիրելի՛ հայրենակիցներ,
Նոր որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4024.pdf) փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:
Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:
Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
✅Պոլիգրաֆիական գործունեություն,
✅Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն,
✅Քարի սղոցում, մշակում և հարդարում,
✅Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն,
✅Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն,
✅Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում,
✅Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում,
Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
✅Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով՝ բացառությամբ մի քանի ենթատեսակների,
✅Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր,
✅Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր,
✅Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ,
Տեղեկատվություն, կապ հատվածում՝
✅Գրքերի հրատարակություն,
✅Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում,
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
✅Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ,
✅Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում,
Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
✅Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ,
Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝
✅Արհեստակցական միությունների գործունեություն,
✅Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում,
✅Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում,
✅Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում,
Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:
«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով:
Մնացած մանրամասները՝ որոշման մեջ: