Կարաչինար |
Տատս չէր լինի մեր Տատը, եթե Պապս 1943 թվականին չվիրավորվեր պատերազմում ու տեղի հոսպիտալում չծանոթանար նրա հետ: Էդպես տատիս հետը բերում է Ղարաբաղ` իրեն կին:
1991թ.-ի հունիս ամիսն էր: Ինչպես միշտ, ես ու եղբայրս հանգստանում էինք գյուղում մորական տատիկիս մոտ` դաշտային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում: Էն թվերին Շահումյանը կտրուկ տարբերվում էր մնացած հայկական շրջաններից: Հենց Մարտակերտը վերջանում էր, հողից ճանապարհը փոխվում էր ասֆալտի: Մեր գյուղում, հիշում եմ, էսօրվա սուպերմարկետներին նմանվող խանութներ կային, կինոթատրոններ, կոկիկ փողոցներ ու տներ: Բոլորն էլ աշխատում էին ու բարեկեցիկ կյանքով ապրում: Շատ հարուստ շրջան էր:
Շատ լավ հիշում եմ մեր տունը` մեծ, ստորգետնյա հարկով, հաստ պատերով: Ոնց որ մարդիկ վաղուց մտածած լինեին, որ մի օր հնարավոր է, որ դա օգտագործվի որպես ապաստարանի: Իմ մանկական հիշողություններում այդ տարին տպվել է ժայռապատկերների պես: 13 տարեկան էի:
Նադյա տատս ազգությամբ կազակ էր, բայց իսկական հայուհի էր դարձել` տարիների շարունակ ապրելով Ղարաբաղում: Բայց կազակի խիստ բնավորությունը կար մեջը: Ակցենտն էլ մնացել էր: Հիշում եմ տատիս ղարաբաղցու ակցենտը` համեմված ռուսերենով: Տատիկիս հարազատ եղբայրը` Ալյոշա Պոնամորենկոն, մահացել էր պատերազմում: Սովետական Միության հերոսի կոչման էր արժանացել հետմահու` կյանքի գնով իր ինքնաթիռով խոցելով ֆաշիստական տանկեր փոխադրող գնացքը: Նրա նկարը մեր տան պատին կար: Քեռուս անունն էլ նրա պատվին է դրվել:
Պապս շուտ էր մահացել: Ես նրան չեմ ճանաչել: Տատս իր երեխաներին մեծացրել միայնակ: Նա շատ հարգված կին էր գյուղում ու ամբողջ շրջանում: Տեր-Աբրահամյանի կինն էր` նախկինում Շահումյանի բանկի կառավարիչի կինը: Միշտ էլ զգացել եմ, որ մեր հանդեպ մի տեսակ ուրիշ էին գյուղացիները, մի տեսակ ավելի հարգանքով, սիրով: Համ շատ սիրում էի տատուս համ շատ վախենում: Որ չարություն էինք անում, կաշվից գոտին վերցնում ու ռուսերենով շշպռում էր:
Մենք` երևանցի երեխաներ, ամեն տարի գնում էինք ու առաջին մի քանի օրվանից հետո կերպարանափոխվում, դառնում էինք ղարաբաղցի`ակցենտով, ամեն ինչով: Խաղում էինք հարևանի երեխաների հետ: Շատ ուրախ էր ամեն բան: Այդ տարին լավ հիշում եմ, նման չէր ոչ մի տարվա, տարբերվում էր: Մի տեսակ զգում ու տեսնում էի, որ անհանգստություն կար մարդկանց մեջ: Չգիտեմ, մենակ էդ զգացողությունից, որ մարդիկ անհանգիստ են, որ ինչ-որ բան կատարվում է, մեծանում, հասունանում ես: Մի տեսակ անհասկանալի պատասխանատվություն է իջնում ուսերիդ` անտեսանելի, ոչ մի տեղից:
Հարևան ու իմ ընկեր Հայկը և Միշան իրենց բակում ինքնաշեն ատրճանակներ էին սարքում: Ամեն խոսք ու զրույց թուրքերի վտանգի մասին էր, նույնիսկ երեխաների մեջ: Պապուս եղբոր տղաները, բոլոր իմ բարեկամները փոխվել էին: Ինձ թվում էր, թե երեխաները չեն խաղում հետս, իմ հետ չունեն: Մեկ-մեկ ինձ տանում էին գյուղի վերին սահմանները, կլուբից այն կողմ, որտեղ ճանապարհը բաժանում էր մեզ թուրքերի գյուղից: Արդեն էդ ժամանակ կային ՊՈՍՏԵՐ: Մեր գյուղացիները ինքնաշեն հրազենով կամ որսորդական զենքերով պոստ էին կանգնում: Կրակոցներ շատ չէին, բայց լարված էր ամեն բան: Դա զգացվում էր օդում:
Քնած էինք, երբ տատիս անհանգիստ ձայնը մեզ հանեց քնից.
-Վե՛ր կացեք, տուն եք գնում: Տարօրինակ էր, քանի որ մենք երկար էինք գյուղում մնում: Հարցրեցի.
-Ի՞նչ ա եղել տատի:
-Բան չի եղել Հայկի ջան, պիտի տուն գնաք, որ էս տարի շուտ եք դպրոց գնալու:
Զգացի, որ խառն է: Դրսում դեռ մութ էր: Մեր հետևից պապուս եղբոր որդին էր եկել` մեքենայով: Գնում էինք Շահումյանի շրջկենտրոն` Վերին Շեն: Ճանապարհին տատիս ու մնացած մեծերի զրույցից հասկացել էի, որ թուրքերը գալիս են Շահումյանի վրա, որ վտանգավոր է: Մարդիկ շատ վախեցած էին ու խառնված: Տատս մեր համար վերմակներ էր կարել ու վերցրել էր, որ հետներս ուղարկի: Երբ տեղ հասանք ամեն մեկիս 50 ռուբլի տվեց ու ասաց.
-Դրե՛ք գրպաններդ:
Վերի Շենի ֆուտբոլի դաշտը ձևափոխել էին ու ուղղաթիռների կայանի վերածել: Լիքը մարդ կար ու խառնաշփոթ էր: Բարձր ձայներ էի լսում, գոռոցներ: Երկու ուղղաթիռ էր կանգնած ու մի ամբող մարդ` իրար հրելով, գոռալով փորձում էին մոտենալ ու նստել: Ես ու ախպերս մնացինք մի անկյունում կանգնած: Տատս գնաց ու կես ժամ հետո եկավ մի մարդում հետ` շատ բոյով ու բեղերով: Հետո իմացա, որ Շահեն Մեղրյանն էր` մորս դասարանցին: Նա խնդրել էր Շահենին, որ մեզ ուղղաթիռ նստեցնի ու տուն ուղղարկի: Տատիս ասում էի` բա դու չե՞ս գալիս: Ասեց.
-Չէ, ես էստեղ եմ մնում: Դուք գնացեք, որ դպրոց պիտի գնաք: Մյուս տարի էլի կգաք:
Շահենը, երբ տեսավ ձեռքի վերմակները, ասեց.
-Նա՛դյա, վերմակները չենք կարա տանենք:
Ինձ ու եղբորս մարդկանց միջով տարավ նստացրեց ու ուղղաթիռը սկսեց վեր բարձրանալ: Ուժեղ ձայն էր մեջը: Դուռը բաց էր: Մի ֆիդայի գնդացիրով դռան մոտից ներքևն էր հետևում: Ուղղաթիռում ազատ ոտքի տեղ չկար:
Պատուհանի մոտ էի նստած. վերևից տեսնում էի ԻՄ Նադյա տատուն, որ նստել էր վերմակների վրա ու ձեռքով էր անում մեզ: Կյանքում չեմ մոռանա էդ տեսարանը: Այն կարծես տպվեց իմ` երեխայիս հիշողության գրքի առաջին էջին: Ինձ թվում էր, թե վերջին անգամ եմ տեսնում նրան:
Շահեն Մեղրյանը մի քանի ամիս հետո թշնամու ռմբակոծության տակ մնաց, ուղղաթիռով վթարի ենթարկվեց ու մահացավ: Հետմահու հերոսի կոչում ունի Շահումյանի պաշտպանության ղեկավարը:
Մորաքրոջս աղջիկները ու քեռիս չէին կարողացել ուղղաթիռ նստել: Նրանք իկարուսով էին եկել Հայաստան: Այդ նույն իկարուսը հարձակման էր ենթարկվել` թուրքերի գյուղերի միջով անցնելիս: Թուրքերը քարերով, փայտերով հարձակվել ու ջարդել էին ավտոբուսը: Քեռիս մոտը մի քանի նռնակ էր ունեցել, բոլորին պառկեցրել էին գետնին ու մի նռնակը նետել էր դուրս: Իկարուսի վարորդը` իսկական հերոս, չի կորցրել իրեն ու մի վայրկյան անգամ չկանգնելով`ճեղքել է թուրքերի ամբոխը, եկել հասել Հայաստան`Հանրապետության Հրապարակ: Քեռիս, դրսից ջարդուխուրդ եղաց մեքենան տեսնելով, զարմացել էր, թե ոնց են անցել:
Հասանք Լենինականի փոքր օդանավակայան: Ծնողներս եկել էին էնտեղ: Մեզ լացելով դիմավորեցին: Մինչև էսօր հիշում եմ:
Տատս էդպես էլ մինչև Շահումյանի հանձման վեջին օրը մնաց գյուղում: Մեր տան նկուղը սարքել էր ապաստարան: Ֆիդայինները, մեր բարեկամնեերը որ կռվում էին, էդտեղ էին հաց ուտում ու քնում: Քեռիս ասում էր, որ չպայթած գրադի սնարյադները տատս հավաքում ու շարում էր մի անկյուն, որ հողը ազատի: Փորում ու բանջարեղեն էր ցանում: Քեռիս ասում էր` այ մամ ջան, էդ անտերը կարող է պայթի: Տատս ասում էր`Всему Бог хозяин.
Երբ 1992թ-ի հունիսի 12-ին ադրբեջանական օմօնի հարձակումով Շահումյանի շրջանը անցավ վերջիններիս ենթակայության տակ, տատս ու ամբողջ մի շրջանի ժողովուրդ անտառների միջով փախան դեպի Մարտակերտի շրջան` Թալիշ` իմ հորական գյուղը: Մի ամիս մնացին անտառներում` անհայտ: Եղբայրներ ունեի, որ էդ ճամփեքը սպանելով ու կոտորելով ազատեցին թուրքերից, որ շահումյանցիները գոնե կարենան փախնել: Քեռիս մի ամիս հետո տատիս գտավ Թալիշում ու բերեց Երևան: Կես տարի ապրեց տատս դրանից հետո: Մահացավ անհայտ հիվանդությունից: Կարոտից մահացավ`ասում են: Կարոտից` գյուղի ու Արցախի հողի: Լիքը մարդիկ, ցեղեր մնացին Շահումյանում, անհետ կորան: Իմ բարեկամներից էլ շատերը:
Իմ մեջ էս հիշողությունները համ բարի են, համ հոգիս ցասումով են լցնում, որ էլի ԹՈՒՐՔԸ, էլի գաղթ ու կոտորած: Ամեն անգամ կրկնվում է պատմությունը հայերիս հետ: Ե՛րբ պիտի վերջ առնի էս ամենը ու արդարություն լինի: Ե՛րբ պիտի Շահումյանը ՀԵՏ վերցնենք թշնամուց…
27.01.2012 Հ.Ծ
Կարաչինարում անհայտ մեկի կողմից նկարված վերջին վիդեոն 2010թ. Ինչպես երևում է, գյուղը բնակեցված է թուրքերով: