Միանգամայն համաձայն եմ միջագայնագետ Սուրեն Սարգսյանի այն դիտարկման հետ, որ Լավրովն այս մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական կողմի 4 անկյունաքարային պնդումներին, թե իբրև բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են,
փաստաթուղթ չկա սեղանին դրված, ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել, փուլային տարբերակ չկա:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու: Բովանդակային առումով՝ Մնացականյանն, իհարկե, հակադրվում է Լավրովին ու դա լավ է։ Ի դեպ, ի տարբերություն նախորդ ու ներկա բոլոր ընդդիմությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի ընդդիմության, ես ու մեր քաղաքական թիմն արտաքին քաղաքականության վրա ներքաղաքական կոնյուկտուրան չենք տարածում ու հակված ենք մտածել, որ պաշտոնական Երևանը մեզ չի խաբում։ Այստեղ էլ, իհարկե, խնդիրն այն չէ, որ հարյուր տոկոսվ հավատում ենք Փաշինյանի թիմի պնդումներին․ ուղղակի համոզված ենք, որ Հայաստանում չկա որևէ թիմ, որը պատրաստ կլինի բանակցել, առավել ևս ընդունել, այպես ասած, «Լավրովի պլանը»։
Բայց երեկվա ինտրիգը ԼՂ հարցը չէր, այլ այն, որ Լավրովը «փուլայինի» ու գազի մասին խոսելով՝ ընդամենը ցուցադրեց Մոսկվայի բացարձակ անվստահությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ, այն իշխանության, որն, ի դեպ, ոչ պակաս ռուսասեր է, քան՝ նախկինները ու Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ՝ «փայլուն» հայ-ռուսական հարաբերությունների է հասել։ Հենց այս հարցում Լավրովը «սուտ հանեց» գործող իշխանությանը, եթե նույնիսկ Պուտինին սիրաշահելու համար՝ Փաշինյանը ոչնչով չարդարացված քայլ կատարեց՝ առաքելություն ուղարկելով Սիրիա։
Նիկոլի ասած «փայլունը» «ժանգոտ» է դարձել, համենայն դեպս՝ «ժանգն» ավելի բնութագրական է հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների համար։ Ու Մոսկվաներում և այլուր մեղավորներ փնտրել պետք չէ, որովհետև հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականության կոնցեպտն առհասարակ չի վերանայվել, իսկ այս պարագայում Պուտինի իշխանությունը չէր հանդուրժելու «հեղափոխական կապռիզները», մանավանդ, որ դրանք արվում են ոչ թե իրապես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու, այլ՝ Պուտինին սիրաշահելու կամ նրան «խայթելու» նպատակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/2798177226898470
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել