Pastinfo.am-ը գրում է․

Կորոնավիրուսից մահացած 62-ամյա տղամարդը Շիրակի մարզի Ձորակապ համայնքում էր բնակվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ մահացածի հարազատների հետ խոսել է և փորձել է տեղեկանալ տղամարդու առողջական վիճակի մասին:

«Հարազատներն ասացին, որ նրա մոտ առողջական վիճակի խնդիր չի եղել: Առողջ, նորմալ, կայուն վիճակում է մշտապես եղել և գանգատներ չի ունեցել, բայց երբ տեղափոխվել էր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, վիճակի վատացում էր տեղի ունեցել, որից հետո տեղափոխվել էր Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ մի որոշ ժամանակ անց սրտի հետ կապված խնդիրներ առաջացան և սրտի ստենդավորում իրականացվեց: Գուցե նրա մեջ եղել են խնդիրներ, որոնք ավելի բարդացել կամ իրենց ահազանգը տվել են արդեն հիվանդության առկայության ժամանակ: Առողջական վիճակի կայունացման պայքար էր գնում: Պարբերաբար հետաքրքրվում էի նրա վիճակով և ասում էին վիճակը կայուն ծանր է, իսկ այսօր արդեն տեղեկություն ստացանք, որ մահվան ելք է եղել»,-ասաց համայնքապետը:

Վերջինս նշեց, որ տղամարդը Ձորակապ համայնքի մշտաբնակներից էր: Այնտեղ ուներ նաև ավտոպահեստամասերի վաճառակետ, ինչպես նաև գյուղմթերքների վաճառքով էր զբաղվում: Աշխույժ, շարժուն անձնավորություն էր և համայնքապետի խոսքով դժվար է կանխատեսել որտեղից և ինչ հանգամանքներով է ի հայտ եկել վարակը:

Անդրադառնալով մահացածի ընտանիքի անդամներին Արտակ Գևորգյանն ասաց, որ նրանք մեկուսացված են, 14 օրը շուտով կլրանա և ըստ նախնական տեղեկությունների նրանց մոտ ախտանիշներ չկան:

Արտակ Գևորգյանը վստահեցրեց, որ համայնքում կատարվում են ախտահանման բոլոր միջոցառումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել