Դեռ հունվարին էր պարզ, որ Փաշինյանի իշխանությունը մայրամուտին է մոտենում։ Պրոցեսն այդ ավելի շուտ էր, իհարկե, սկսվել, բայց հունվարին կարելի էր արդեն պնդել, որ նա դատապարտված է, ինչն էլ արել եմ այն ժամանակ տրված մի քանի հարցազրույցներում։ Ու հիմա, երբ այդ փաստը օր օրի ավելի լայն շրջանակների համար է ակնհայտ դառնում, միտքս միայն մեկն է՝ ինչպիսի՞ն է լինելու հետնիկոլյան Հայաստանը։ Որովհետև ինչքան էլ մեզ հիմա վախեցնեն կորոնավիրուսի հետևանքներով, վստահ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի հետևանքները շատ ավելի ծանր են լինելու։

Մի քանի առումներով։ Նախ՝ հիասթափված ժողովուրդ։ Ընդ որում, անգամ հեղաշրջումից ամենաոգևորված հատվածի մոտ նախկին էյֆորիայից բան չի մնացել։ Ապացույցը՝ Facebook-յան այս օրերի լրահոսը։ Երկու տարի առաջ հենց այս օրերին մարդիկ փողոցներում էին, իսկ այսօր ոչ ոք դրա մասին չի էլ ուզում հիշի։

Կազմաքանդված ու հեղինակազրկված պետական ապարատ, որը մինչ օրս նախկին տեմպի իներցիայով է գործում։ Պետական կառույցների արդյունավետությունը հեշտ չի լինելու վերականգնել։ Ցավոք, իներցիան միայն դրական լիցքեր չի պարունակում։ Ու մենք դեռ հակառակի ականատեսն էլ կլինենք։

Վարկաբեկված քաղաքական վերնախավ։ Սրա մասին, կարծում եմ, երկար խոսելու կարիք չկա։

Եվ նմանատիպ շատ այլ բաներ։ Երբ ետ եմ նայում վերջին տարիների զարգացումներին, կարծես մորեխների հարձակման ենթարկված լինենք։ Իսկ դուք ասում եք՝ կորոնավիրուս… Ամեն ինչ հիմնահատակ ոչնչացված է, և դրա պատասխանատուն վիրուսը չէ։ Ոչ էլ Նիկոլի ասած «փայ ուզող» հեղափոխականները։ Առավել ևս՝ չի կարելի դրանում մեղադրել ժողովրդին։ Դուք ավելի լավ է հենց Նիկոլից ու նրա հովանավորներից խոսեք։ Ահա թե ովքեր են կործանել մեր պետականությունը։

Իսկ հիմա կանգնած ենք լերկ հողի վրա։ Ինչ ցանենք, այն էլ կաճի։ Եվ սրա մասին է, որ պետք է բոլորս մտածենք։ Նիկոլ-միկոլներն անցած էտապ են։ Դրա ու անցյալի սխալների մասին հետո կմտածենք։ Հիմա գարնանացան է պետք անել։ Շատ շտապ։ Քանի դեռ մոլախոտը չի պատել մեր երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել