Մշտապես քննադատորեն եմ մոտեցել համացանցի հայկական տիրույթում քննարկումների որակին, բովանդակությանը և հարցերի արծարծման տեխնոլոգիային, սակայն վերջին օրերի Ֆեյսբուքը շահեկանորեն տարբերվում է նախորդ ամիսների անգույն, բամբասկոտ կարգավիճակից: Պոդոլսկյան ողբերգությանը հաջորդած գնահատականները և ֆեսյբուքյան ակտիվի համատեղ ջանքերի միատեղմամբ կատարված գործողությունները շատ սթափ էին, առավել փաստարկված և արդյունավետ, և չնայած հուզական ֆոնին` օգտատերերի ճնշող մեծամասնությունը կարողացավ ճիշտ ընկալել իրավիճակը և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահելու փոխարեն ջանքերն ուղղեց Ռուսաստանում շովինիստական ալիքի տարածման դեմ: Պատկերացրեք` մասամբ հաջողվեց: Ֆեյսբուքյան աղմկոտ քննարկումները ստիպեցին մարդու իրավունքների պաշտպանին հանդես գալ ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված նամակով, արտգործնախարարությունը սկսեց ալարկոտ գործողություններ, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը վերջապես սկսեց ՀՀ քաղաքացու շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Աղմուկը խոր նիրհից արթնացրեց Ռուսաստանում գործող հայկական կազմակերպություններին, Հայաստանում որոշ չինովնիկների մոտ խղճի խայթ արթնացրեց` ստիպելով նյութական աջակցություն ցուցաբերել ողբերգության մեջ հայտնված վարորդի ընտանիքի անդամներին: Ռուսաստանի իշխանությունները սկսեցին պաշտոնական հայտարարություններով սանձել երկրում բորբոքվող հակահայկական ալիքը, այսօր արդեն այդ ալիքը հստակ թուլացման միտումներ է ցույց տալիս: Հայկական կայքերը աշխատեցին շատ օպերատիվ կերպով և իրադարձությունները լուսաբանեցին բացառիկ անկողմնակալությամբ` հանրության դատին հանձնելով թեմայի վերաբերյալ բոլոր ուշագրավ կարծիքները` թեր և դեմ: Եվ վերջապես, անգամ իրար հետ խորը հակասություն ունեցող կարծիքները ճիշտ էին, սթափ, հուզական բազարների ու քֆուր-քյաֆարների փոխարեն մենք ականատես եղանք համատեղված ջանքերի, որոնց արդյունքում իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվեց...
Շնորհակալ եմ բոլոր ֆեյսբուքցիներին և կայքերին, վստահ եմ, որ տեմպը չի թուլանա, և համացանցը կդառնա ոչ թե կեղտոտ բամբասանքների, այլ կոնկրետ հարցեր լուծելու արդյունավետ տիրույթ: Այս պահին անգամ տպավորություն ունեմ, որ հայկական Ֆեյսբուքը ստանձնել է ստվերային կառավարության գործառույթներ: Իհարկե` ճարահատյալ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/587911027920263?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել