Հիմա էլ ապուշների բանակը Բիլլ Գեյթսին է թիրախավորել և փորձում է նոր համաշխարհային հրեշի կերպար ստեղծել:

Գեյթսն այն երկու հիմնական միլիարդատերերից մեկն է, որ Ուորրեն Բաֆֆեթի հետ միասին գրավոր երդման շարժում նախաձեռնեցին` սեփական ահռելի կարողությունների մեծագույն մասը բարեգործական ծրագրերի հատկացնելու և կտակելու համար:

Բիլլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը միլիարդավոր դոլարներ է նվիրաբերել բազում հումանիտար ծրագրերի, զարգացող երկրներում կենսական պատվաստանյութերի հասանելիության, կոյուղային համակարգերի համաշխարհային բարեկարգման և այլ կարևորագույն և հսկայական նախագծերի իրականացմանը:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության` ՄԱԿ-ի կազմում ստեղծված առողջապահական միակ բարձրագույն մարմնի ամենախոշոր նվիրատուներից է Գեյթսերի ընտանիքը, իսկ առանց ԱՀԿ-ի` երրորդ աշխարհի բազում երկրներ` այդ թվում և Հայաստանը, առանց ամենատարբեր բժշկական պարագաների, դեղերի և ծրագրերի կմնան:

Եվ ապուշները, մի քանի եզակի հանցավոր ամերիկյան դավադրապաշտների կեղծ քարոզի վրա հիմնվելով` հիմա էլ ամեն գնով և ամեն ապուշությամբ փորձում են սատանայացնել մի մարդու, որ եզակի է իր պես հարուստների շարքում:

Եվ նույն այդ ապուշներն անգամ չեն լսել այն մարդկանց անունները, որ իսկական միլիարդատեր-հրեշներ են` ինչպես Կոխ եղբայրները, Սթիվն Շվարցմանը, Ռուպերթ Մրդոքն ու Ուիլբեր Ռոսսը:

Նրանց, որ տանում են աշխարհը դեպի ծայրահեղ աղքատություն և սոցիալական անապահովություն և որոնք ոչնչացնում են համաշխարհային կենսոլորտը` այդ ապուշներն անգամ չեն էլ ճանաչում, իսկ նրանք, որ մարդկության համար եզակիորեն կարևոր գործեր են անում` անտեղի և անարդարորեն խաչում են և անիծում:

Հ.Գ. Խոսքն, իհարկե, չի վերաբերում մեր այն մոլորյալ հայրենակիցներին, որ առանց խորամուխ լինելու թեմայի մեջ` դյուրահավատ կերպով սկսում են հավատալ այդ արշավի թեզերին և կիսվել հակագեյթսյան նյութերով: Խոսքը նախևառաջ վերաբերում է նրանց, որ ֆանատիկորեն լծվել են այս անբարո քարոզին և համարում են, որ իրենք հանճար են ու կռահել են «մեծ դավադրության» գոյությունը, իսկ մնացած և կրթված մարդիկ ապուշ են և «ընկել են Գեյթսի ճիրանները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել