Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) և Եվրոպական Տիեզերական Գործակալությունը (ԵՏԳ) ծրագիր են մշակել, ըստ որի՝ 2031-ին առաջին անգամ Երկիր մոլորակ հնարավոր կլինի հասցնել Մարսում եղած ապարների նմուշներ: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում տալով Nature-ին:
Հաղորդվում է, որ ծրագրի առաջին մասի համար պատասխանատու է «Փերսևերանս» մարսագնացը, որը ՆԱՍԱ-ն նախատեսում է մոլորակ ուղարկել այս տարվա հուլիսին: Սարքը Մարսի հողի և ապարների 30 նմուշ կհավաքի:
2026-ին ծրագրվում է Մարս ուղարկել ևս 1 սարք, որը կտեղակայվի «Փերսևերանսի» հարևանությամբ արդեն 2028-ին:
Այն «Փերսևերանսի» հավաքած նմուշները կհասցնի մոլորակի ուղեծիր, որտեղ նրան սպասելիս կլինի 3-րդ սարքը: Նշվում է, որ վերջին սարքն էլ պետք է Մարսում հավաքած նմուշները հասցնի Երկիր: