«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի կարեւոր կառույցների մեկի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը իշխանությունը փորձում է յուրայիններով համալրել։ Մեր տեղեկություններով, իշխանությունն ակտիվ լծվել է ընկերության ղեկավարի՝ Հայկ Ավագյանի փոփոխման հարցը գլուխ բերելու գործին։ Երկարամյա տնօրենին, սակայն, հեռացնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ կառավարությունը չի կարող գրչի մեկ հարվածով ազատվել տնօրենից, ՓԲԸ-ի տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է Դիտորդ խորհուրդը, որտեղ ընդգրկված են տարբեր կառույցներ ներկայացնող անձինք։
Սակայն, նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայկ Ավագյանից ազատվելու այս իշխանության ցանկությունն այնքան մեծ է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը որոշել է ինքնագլուխ ամեն ինչ անել եւ սեփական մարդուն բերել տնօրենի պաշտոնին, բայց նրան հասկացրել են, որ դա նրա որոշելիք խնդիրը չէ։
Ավելին, անգամ Դիտորդ խորհրդի անդամների համար է զարմանալի եղել, թե ինչու են հանկարծ, առանց լուրջ պատճառաբանության որոշել «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարին աշխատանքից ազատել։
Քանի որ իշխանության մարդն անգամ պետք է մրցույթով նշանակվի, նախարարությունը մտադրվել է գործող տնօրենին պարտադրել սեփական դիմումի համաձայն հեռանալ։ Այս ամենում ուշագրավն այն է, որ տնօրենի հեռացման համար պատկան նախարարությունը ոչ մի բացթողում, թերություն, ձախողում չի նշել, խնդիր է դրված` հեռանալ եւ վերջ։
«Իրատեսը» կշարունակի հետամուտ լինել խնդրին եւ բացահայտել, թե ով է փոխարինելու Հայկ Ավագյանին, եւ ինչ ծրագրեր ունի իշխանությունն այս ընկերության հետ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի՝ 17.04.20թ. համարում։