Civilnet.am-ը գրում է․

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադանում է «Յուքոմի» (Ucom) շուրջ իրավիճակին։ Անցալ շաբաթ հայտնի դարձավ, որ ընկերության տնօրենների և մեծամասնական բաժնետերերի միջև հակասություններ կան։ «Յուքոմի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հրաժարական ներկայացրեց, նրան հետևեցին ավելի քան 800 աշխատակիցներ։ Սաղյանը աշխատակիցների այս գործողությունը համարում է շանտաժ, իսկ «Յուքոմն» էլ՝ խոշոր պարտքերով ծանրաբեռնված ընկերություն։

- «Յուքոմը» որպես ընկերություն իր բաժնետերերին երբեք դիվիդենտ չի վճարել, որովհետև իմ տեղեկություններով, այդ գումարներն ուղղում են զարգացմանը։ Դա մոտեցում է, բաժնետերերը միշտ ներդրումներ են կատարել ու սպասում են, որ այդ ներդրումները պետք է վերադառնան։ «Յուքոմի» քաղաքականությունն ուղղված էր դաշտը գրավելու, լայնացնելու ու շուկայում մեծ մասնաբաժին ունենալուն։ Կոնֆլիկտը, ըստ երևույթի, այդ բնույթն ունի։ 

- Չե՞ք կարծում, որ Յուքոմի շուրջ զարգացումներն ավելի խորն են։ Եսայան եղբայրները տարիներ շարունակ իրականացրել են ընկերության կառավարումը, փոքր բաժնետեր էին ու երբեք հրապարակային կոնֆլիկտի մեջ չէին մյուս բաժնետերերի հետ։

- Դավադրապաշտական շատ բաներ կարելի է մտածել։ Եսայան եղբայրները 34 միլիարդ են առաջարկել մնացած բաժնետոմսերի համար, ու Խաչատրյանների բաժնետոմսերի վրա կալանք է դրված։ Եթե այդ  34 միլիարդը տվեցին, վաճառողի բաժնետոմսերն էլ կալանքի տակ են, այդ փողն ո՞ւմ է հասնելու։ Դա էլ է դրվելու կալանքի տակ, ոչ մի տրամաբանություն չկա։ Ակնհայտ է, որ «Յուքոմի» կողմից «Բիլայնը» գնելու գործարքի հետ այս ամենը  կապ չունի, որովհետև այդ որոշումը դեռ կայացված չէ՝ ՏՄՊՊՀ-ն որոշում չի տվել, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռ որոշում չի տվել, ՀԾԿՀ որոշում չկա։ Բացի այդ պիտի ասեմ՝ «Յուքոմը» երբեք չի եղել շահութաբեր ընկերություն, մեծ վարկային պարտքեր կան նաև։ 

- Շատերն առաջարկում են, որ «Յուքոմում» պետությունը բաժնետոմսեր ձեռք բերի՝ հաշվի առնելով ընկերության ենթակառուցվածքներն ու կարևորությունը։ Ինչպե՞ս եք նայում այդ առաջարկներին։

- Ես էլ էի ենթադրում, որ նման բան կա, բայց կառավարությունը ոչ մի բան չի ասում։ Մի բան կարելի է ասել՝ այս հարցով չի զբաղվում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարը, այլ զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Դա մենք տեսանք ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, երբ հեռահաղորդակցության մասին հարց եղավ, ու պատասխանեց Ավինյանը։ Այսինքն՝ նա է պատասխանատուն։ Միգուցե հնարավոր է՝ լինեն պայմանավորվածություններ, որոնք կարող են կապված լինել պետականացման հետ։ Դա իհարկե տեսականորեն հնարավոր է, «Արմենտելն» էլ է եղել պետական։ Դա որոշ մասով կհակասի աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականությանը, որովհետև ձգտում են, որ լինի մասնավոր։ Պարզապես չեմ կարծում, որ այն երկրները, որոնք հիմա որպես դոնոր են հանդես գալիս ՀՀ-ի համար, հանգիստ կվերաբերվեն, որ այդ միջոցներն ուղղվեն ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի, այլ ինչ-որ մասնավոր ընկերության ձեռքբերմանը։ Դոնորները կարող են ասել՝ եթե ունեիք այդ գումարը, որ կորոնավիրուսի դեմ պայքարեիք, ինչո՞ւ էիք մեզնից ուզում։ 

- Դուք կարծում եք, որ «Յուքոմը» Եսայանների օրոք սխա՞լ է կառավարվել։

- Ընկերությունում աշխատանքից ազատվելու դիմումները ցույց տվեցին, որ միավորված, լավ թիմ է։ Ես մի դիտարկում կարող եմ անել. այսօր հեռահաղորդակցության ոլորտի մեենջմենթը կարող է ընդհանրապես կապ չունենալ կապի տեխնոլոգիաների հետ։ Բոլոր հարցերը, որոնք առաջանում են ցանցի սպասարկման հետ, լուծում է այն ընկերությունը, որն արտադրել է սարքավորումը։ Այսօրվա մասնագետները ի վիճակի էլ չեն հասկանալ, թե ինչպես է աշխատում 4G ցանցը։ Եթե հարց է առաջանում, կապվում են արտադրողի հետ, արտադրողը հեռահար մտնում ու կարգավորում է պրոբլեմը։ Այս պայմաններում պարտադիր չէ լինել մասնագետ, կարելի է չպահել այն ծրագրավորողներին, որոնց պահում են։ Երևի բաժնետերերը, որոնք կոնֆլիկտի մեջ են Եսայանների հետ, նման մոտեցման կողմնակից են։

- Իսկ ինչո՞ւ «Յուքոմը» շահութաբեր չի դառնում։

- Երկու պատճառով՝ նախ ընկերությունն այժմ ընդլայնման փուլում է, անընդհատ պետք է փող ներդնես և երկորրդ՝ կարող է շահութաբեր չլինել, որովհետև քո հաստիքները ուռճացված են։ Պետք է ուսումնասիրել։ Եսայանների կողմից մնացած բաժնետոմսերը գնելու հետ կապված պիտի ասեմ, որ հեռահաղորդակցության ոլորտում հաշվարկի երկու տարբերակ կա։ Մի տարբերակն այն է՝ պարզապես վերցնում, գնահատում են ինչ կա։ Դա բալանսային արժեքն է։ Երկրորդ տարբերակն այն է, որ վերցնում են վերջին հինգ տարիների շրջանառությունն ու ասում՝ սա է գինը։ Տվյալ դեպքում խոսքը բալանսային արժեքի մասին է։ Բայց ես մինչ այժմ չեմ լսել, որ բալանսային արժեքով ընկերություն գնեն։ Էլեկտրոնային հաղորդակցության սարքերն էլ արագ են մաշվում, չեմ պատկերացնում՝ ինչով են գնահատել։ 

Ես կարծում եմ՝ «Յուքոմ» ընկերությունն ինչպես աշխատել է, այնպես էլ կաշխատի։ Աշխատակիցների կողմից սխալ էր նման դիմումներ տալը, առավելևս այս պայմաններում, որ մեծ թովով օգտվողներ հեռավար են աշխատում։ Ես դա շանտաժ եմ համարում ու անարդյունավետ։ Եթե պետությունը համարի, որ այդ մարդիկ պետք է անխափան աշխատեն, միջոցները կգտնվեն, որ նրանց ստիպեն աշխատել։ 

- Ի՞նչ գնահատական կտայիք «Յուքոմի» կողմից «Բիլայնը» գնելու գործընթացին։

- Այդ երկու ընկերություններն անհամեմատելի ընկերություններ են։ «Բիլայնը» էլեկտրոնային հաղորդակցության ողնաշարն է ու միայն «Բիլայնն» այսօր հնարավորություն ունի իր ուժերով կառուցել 5G ցանց։ Եթե մենք չսկսենք կառուցել 5G ցանցը ու հինգ տարի հետո չգործարկենք, մենք աշխարհի զարգացումից հետ կմնանք։ Այսօր այդ հնարավորությունն ունի միայն «Բիլայնը», որովհետև «Բիլայնը» ունի խողովակաշար, որը տարածված է ամբողջ քաղաքով։ Հաշվի առնելով, որ այդ ցանցը կառուցելու համար պետք է բազային կայանները կառուցել 100 մետր հեռավորության վրա, միացնել այդ բազային կայանները օպտիկամանրաթելային մալուխով․․․ այսօր դրա համար միայն «Բիլայնի» հնարավորություններն են ներում։ Ոչ մի այլ ընկերություն չունի այդ ծավալի խողովակաշար։ Երկրորդ՝ «Բիլայնն» ընդհանրապես պարտք չունի, ոչ մեկից վարկ չունի, լրիվ ինքնաբավ է։ «Յուքոմը» պարտքերով ծանրաբեռնված ընկերություն է, և ես չեմ պատկերացնում, թե ինչու է որոշվել վաճառել «Բիլայնը», երևի թե ընկերության Ամստերդամի բարձրագույն ղեկավարության որոշումն է։ Նաև որոշել են փոխել հեռահաղորդակցության ուղղվածությունը IT ուղղվածության՝ դառնալով PayPal-ի կամ  Google-ի նման ընկերություն։ Ես կարծում եմ՝ ՀՀ հեռահաղորդակցության շուկան այս գործարքից չի շահի, եթե ունեինք երեք ընկերություն ու բարձր մրցակցություն, կունենանք երկուսը, և մրցակցությունը կվատանա։ Ավելի հեշտ իրար հետ կպայմանավորվեն։ 

- Կա տարածված կարծիք, որ «Յուքոմը» զորեղ է ինտերնետ ծառայությունների ոլորտում, իսկ «Բիլայնը»՝ հեռախոսակապի։ Դա այդպե՞ս է, և արդյոք կստեղծվի՞ մի ընկերություն, որի այս երկու ծառայություններն էլ ուժեղ կլինեն։ 

- Իհարկե կա նման բան։ Բացի «Յուքոմից»՝  «Վիվասել-ՄՏՍ»-ի վիճակը ևս ծանր է, որովհետև չունեն ենթակառուցվածքներ, օպտիկամանրաթելային մալուխների բազա։ Եվ «Վիվասել-ՄՏՍ»-ի կողմից չենք տեսնում ակտիվություն, որ, օրինակ, զարգացնեն իրենց խողովակաշարերը։ Ապագան մշուշոտ է երևում։ 

- «Յուքոմի»՝ դաշտում ունեցած մասնաբաժնի մասին խոսելիս շատերը պնդում են, որ այդտեղ կապ ունի ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, որը փորձում էր սպառողների ցանցն ընդլայնել, և պետական մարմինները անցան «Յուքոմից» օգտվելուն։ Ըստ Ձեզ՝ Գագիկ Խաչատրյանի առկայությունն օգնե՞լ է ընկերությանն ընդլայնվել։

- Ես իհարկե խղճիս վրա մեծ ծանրություն կանեմ, եթե ասեմ, որ այդպես չէ։ Պետական բոլոր մարմինները մեկ-երկու տարվա ընթացքում հրաժարվեցին այլ օպերատորներից ու անցան «Յուքոմին»։ Կա «Այյունեթվորքս» ընկերությունը ևս, որը հարկայինի ողջ էլեկտրոնային համակարգերը վարում է։ Հաստատ շատերը կուզեին ապահովել հարկային մարմնի էլեկտրոնայնացումը, բայց արի ու տես, որ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերությունն է այնտեղ աշխատելու հնարավորություն ստացել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել