Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին և ոստիկանության անձնակազմին շնորհավորեց ՀՀ ոստիկանության տոնի կապակցությամբ:

«Ոստիկանությւոնը ցանկացած պետության, այնպես էլ մեր պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ընդհուպ տնտեսական և քաղաքական ազատությունների պահպանման և կիրառելիության մակարդակը»,-ասաց վարչապետը:

Վերջինս արձանագրեց, որ ՀՀ-ում ոստիկանության և հանրության հարաբերություններն ունեցել են բազմաթիվ բարդություններ և նույնիսկ ճգնաժամեր: Վարչապետի խոսքով այսօր մեծագույն խնդիր է հաստատել լիարժեք փոխվստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ, ինչը կառավարության օրակարգի կարևորագույն խդնիրներից է. «Բավական երկար ժամանակ քննարկում ենք ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և ապրիլի 1-ից պետք է սկսեին այդ ուղղությամբ գործողություններ, բայց համաճարակը որոշակի սրբագրումներ մտցրեց: Այնուամենայնիվ ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ օրակարգի կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Այդ օրակարգում երկու հենասյուն կա. Առաջինը հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ և երկրորդը ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ ոստիկանությունը պետք է փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պայմաններին, պահանջներին: Վարչապետն առաջարկեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են ՀՀ օրենքը, իրավակարգը պաշտպանելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել