1in.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Երևանի բնակիչ Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը, հորաքրոջ ու հորեղբորորդու հետ այցելեց Ազատության հրապարակ՝ ցուցարար ազատամարտիկներին: Լիլիթն«Առաջին լրատվական»-ին ասաց, որ մի քանի րոպե առաջ տեղեկացել են, որ Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են Բուտինսկու կալանավայր: Այս փաստը հարազատներին ավելի շատ է մտահոգում: 

«Եթե իսկապես տարել են Բուտինսկու կալանավայր, ուրեմն ավելի հեռու է գնում ամեն ինչ: Նա այն վիճակում չէ, որ կալանավայր տեղափոխեին կամ հարցաքննեին, նա հոգեկան ծանր վիճակում է, գլխուղեղի ցնցում է ստացել, կրծքավանդակի սալջարդ, բուժման անհրաժեշտություն ունի: Անհրաժեշտ է բուժում, որից հետո կարելի է իմանալ դեպքի մանրամասները: Այս պահին նա ի վիճակի չէ խոսելու»,- տեղեկացրեց վարորդի եղբորորդին՝ Արմեն Հարությունյանը: 

Նա տեղեկացրեց, որ երեկ փաստաբանի հետ կապ են հաստատել: Վերջինիս տեղեկացմամբ՝ հագուստ և Հրաչյային անհրաժեշտ այլ իրեր են տարել, բայց չեն ընդունել՝ առանց որևէ պատճառաբանության, ասել են՝ վաղը կբերեք: Հարազատները չգիտեն՝ այսօր ընդունե՞լ են հագուստը, թե՞ ոչ: 

«Փաստաբանի տված հարցազրույցի համաձայն՝ նա չորրորդ անգամ է վարել մեքենան, նախնական վարկածի համաձայն՝ արգելակները անսարք են եղել, և նա չի կարողացել արգելակել: Ամեն ինչ արել է՝ զոհերից խուսափելու համար, սակայն չի հաջողվել: Չի տեսել, որ արգելակները չեն գործում, ու դուրս է նետվել, մինչև վերջ պայքարել է՝ ընդհուպ մինչև մեքենայի շրջվելը, որից հետո իներցիայով դուրս է շպրտվել մեքենայից: Իրեն չի շպրտել, շպրտվել է մեքենայից»,- ընդգծեց Արմեն Հարությունյանը: 

Նա հորեղբոր՝ արագությամբ ընթանալու մասին ասաց, որ թեք տեղ է եղել, մեծ մեքենան բարձած վիճակում արագություն է հավաքել, տեղանքն ուղիղ չի եղել, որ կարողանա ղեկավարել մեքենան: «Շատ վտանգավոր խաչմերուկ է, բայց ոչ մի միջոց չեն ձեռնարկում: Տեղեկություն ունեմ, որ տեղադրվել է լուսացույց, որն այս պահին նորից չի աշխատում»,- տեղեկացրեց Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի եղբորորդին: 

«Իմ հայրը փորձառու վարորդ է, ու նմանատիպ բաներ երբեք չեն գրանցվել, ոչ մի անգամ վթարի չի ենթարկվել: Երբ որ փորձանքը գալիս է, չես կարող խուսափել դրանից»,- մտահոգությունը հայտնեց Հրաչյա Հարությունյանի դուստրը: Նա կարծում է, որ հայրը փորձառության շնորհիվ փորձել է խուսափել զոհերից, ամեն ինչ արել է, բայց չի հաջողվել: 

«Եթե փորձառու չլիներ, պատկերացնում եմ՝ քանի զոհ կլիներ: Ցավում եմ բոլորի համար, կորուստը շատ մեծ է ու անդառնալի, այդ 18 մարդու կյանքի համար անմեղ մեղավոր է հայրս, ցավակցում ու աջակցում եմ զոհերի հարազատներին, ես խոնարհվում են նրանց առջև: Ինձ համար ծանր է, ես շատ լավ գիտեմ՝ վիշտն ինչ է»,- ավելացրեց Լիլիթ Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել